ՕՐԵՆՔԸ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«ժամանակավոր ապաստան՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր բնակության իրավունք՝ սույն օրենքի 21.1-ին հոդվածին համապատասխան:»:
Հոդված 3. Օրենքը 21-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ VI.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ VI.1.
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼԸ
Հոդված 21.1. Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին ժամանակավոր ապաստան տալու հիմքերը
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի դիմել լիազորված մարմին եւ ստանալ ժամանակավոր ապաստան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում տրվում է ժամանակավոր ապաստան, եթե՝
ա) նրա տվյալները համապատասխանում են փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն գրավոր դիմում է լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու համար.
բ) նրա տվյալները չեն համապատասխանում փախստական ճանաչվելու համար սույն օրենքով նախատեսված պահանջներին, սակայն նա չի կարող կամ չի կամենում վերադառնալ իր քաղաքացիական պատկանելության կամ հիմնական բնակության վայրի պետություն՝ խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող այլ վերաբերմունքի ենթարկվելու վտանգի պատճառով, կամ եթե այդ պետությունում իր կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում զինված հակամարտությունների հետեւանքով:
Ժամանակավոր ապաստանը տրվում է մեկ տարի ժամկետով: Ժամկետը լրանալուց հետո դա կարող է երկարաձգվել ժամանակավոր ապաստան տալու հիմքերի առկայության դեպքում:
Հոդված 21.2. Ժամանակավոր ապաստան ստանալու դիմում ներկայացրած եւ ժամանակավոր ապաստան ստացած անձանց իրավունքները եւ պարտականությունները
Ժամանակավոր ապաստան ստանալու համար լիազորված մարմին դիմում ներկայացրած անձինք ունեն փախստականի կարգավիճակ հայցողների համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով միանվագ նպաստ ստանալու իրավունքի) եւ պարտականությունները:
Ժամանակավոր ապաստան ստացած անձինք ունեն փախստականի կարգավիճակ ստացած անձանց համար սույն օրենքով սահմանված իրավունքները (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունքի) եւ պարտականությունները:
Հոդված 21.3. Ժամանակավոր ապաստանը հաստատող փաստաթուղթը
Ժամանակավոր ապաստան ստացած անձին լիազորված մարմինը տալիս է ժամանակավոր ապաստանի վկայական, որի տրման կարգը եւ նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր ապաստանի վկայականը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքում անձի օրինական բնակության համար:
Հոդված 21.4. Ժամանակավոր ապաստանի դադարեցումը եւ անձին ժամանակավոր ապաստանից զրկելը
Ժամանակավոր ապաստանը դադարեցվում է, եթե՝
ա) դադարել են այն հանգամանքները, որոնք հիմք են անձին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան տալու համար.
բ) անձը Հայատանի Հանրապետությունում ստացել է փախստականի կամ որեւէ այլ օրինական կացության կարգավիճակ.
գ) անձը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության կամ որեւէ այլ օտարերկրյա պետության քաղաքացիություն.
դ) անձը մեկնել է մշտական բնակության Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս.
ե) լրացել է սույն օրենքի 21.1-ին հոդվածով սահմանված ժամկետը:
Անձը զրկվում է ժամանակավոր ապաստանից, եթե նա՝
ա) հաղորդել է ակնհայտ սխալ տեղեկություններ կամ ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրան ժամանակավոր ապաստանի իրավունք տալու համար.
բ) կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:
Հոդված 21.5. Անձի վտարումը ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ անձին ժամանակավոր ապաստանից զրկելու դեպքում
Ժամանակավոր ապաստանը դադարեցվելու կամ ժամանակավոր ապաստանից զրկվելու դեպքում անձը պարտավոր է իրավասու պետական մարմինների առաջարկով հնգօրյա ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, եթե չունի Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվելու այլ օրինական հիմքեր:
Անձը, որը հրաժարվում է սահմանված ժամկետում մեկնել Հայաստանի Հանրապետության տարածքից, ենթակա է վտարման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 ապրիլի 2002թ.
ՀՕ-314