Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2000
Սույն օրենքը սահմանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների իրականացման եւ օրինական շահերի պաշտպանության իրավական եւ սոցիալ-տնտեսական երաշխիքները։

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:

Հոդված 2. Բնակարանային ապահովության իրավունքը

Բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարաններ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 3. Զբաղեցրած բնակելի տարածքների նկատմամբ վարձակալ ճանաչելը

Համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներում երեք տարուց ավելի բնակվող՝ բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք սահմանված կարգով ճանաչվում են վարձակալ իրենց զբաղեցրած տարածքների նկատմամբ, եթե այլ անձինք դրանց նկատմամբ չունեն վարձակալության եւ այլ իրավունքներ:

Հոդված 4. Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը

Պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում երեք տարուց ավելի բնակվող՝ բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:

Սեփականաշնորհման կարգը եւ սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 5. Ժամանակավոր կացարաններում բնակվողներին տրվող արտոնությունները

Ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ եւ այլն) բնակվող՝ բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք ազատվում են բնակության համար սահմանված վարձը վճարելուց, բացառությամբ էլեկտրաէներգիայի եւ կոմունալ ծախսերի։ Նրանց բնակվելու հետեւանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հոդված 6. Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի արժեքի փոխհատուցումը

Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի դիմաց փոխհատուցումների հարցը լուծելու դեպքում փոխհատուցվում է նաեւ բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի արժեքը:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-120