Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատավորի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2004
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-230) 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Դատավորի պաշտոնում աշխատած անձանց կենսաթոշակի իրավունքը

Դատավորն ունի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք:

Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված քաղաքացու կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա, որպես դատավոր, զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հավելավճարի իրավունքից օգտվում են նաեւ դատավորի պաշտոնից կենսաթոշակի անցած նախկին գերագույն դատարանի անդամ դատավորները, նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրները եւ նախկին ժողովրդական դատավորները:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Սույն հոդվածով սահմանված հավելավճարի հաշվարկման, նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.04.2004
ՀՕ-61