Armenian   Russian    
Նոտարիատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2004
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-274, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ եւ ծառայություններ:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով:

2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:

Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը եւ հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:

Նոտարն իրավունք ունի մատուցելու նաեւ ծառայություններ, ընդ որում՝ տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաեւ նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աշխատանքի» բառը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաեւ նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից:

Սույն մասով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:

Այլ հարգելի պատճառների առկայությամբ եւս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը:».

2) 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում՝ նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:

4. Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:

Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի սահմանած կարգով եւ ժամկետներում:

5. Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայություններից ստացված, ինչպես նաեւ նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով եւ կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում «հաստատում է» բառերը փոխարինել «վերահսկում է» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության նախարարը` իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, ինչպես նաեւ նոտարական պալատը` իր նախաձեռնությամբ:

Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է արդարադատության նախարարը` իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է նոտարական պալատը` իր նախաձեռնությամբ կամ արդարադատության նախարարի առաջարկով:»:

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նոտարական պալատի նախագահը եւ վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքից կտրվելու` հասարակական հիմունքներով:».

բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է:».

գ) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ:

Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:»:

Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8. Նոտարական գործողությունը չպետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող եւ քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:»:

Հոդված 11. Օրենքում «նոտարական փաստաթուղթ» բառերը եւ դրանց բոլոր հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «նոտարական ակտ» բառերով կամ դրանց հոլովաձեւերով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10.07.2004
ՀՕ-108