Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.06.2004
  • Գլուխ I. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.Մանուկների եւ պատանիների շրջանում ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի կազմակերպումը
  • Գլուխ 3.Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները
  • Գլուխ 4. Մանկապատանեկան սպորտի համակարգի կառավարումը
  • Գլուխ 5. Եզրափակիչ դրույթներ
     
  • Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, երեխաների առողջ կենսակերպի եւ անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:


    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    մանկապատանեկան սպորտ՝ մինչեւ 14 տարեկան մանուկների եւ 14-ից մինչեւ 18 տարեկան պատանիների մարզական պարապմունքներ.

    մարզական կազմակերպություններ՝ մանկապատանեկան մարզադպրոցներ, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ։

    Հոդված 3. Օրենքի նպատակը եւ խնդիրները

    1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ հիվանդությունների ու իրավախախտումների կանխումը:

    2. Սույն օրենքի խնդիրներն են՝

    1) ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների իրավունքների պաշտպանությունը.

    2) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

    3) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ պարտականությունների սահմանումը.

    4) ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը՝ անկախ դրանց սեփականության ձեւից.

    5) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումը.

    6) գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

    7) ուսումնական եւ մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական եւ առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.

    8) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը։

    Հոդված 4. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը

    1. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

    2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 5. Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

    1. Մանկապատանեկան սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունն ապահովում է մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման եւ մարզական կրթություն ստանալու հնարավորությունների իրականացումը։

    2. Պետությունն ապահովում է՝

    1) հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար.

    2) մարզական վիճակագրության կատարելագործումը.

    3) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի ընդունումը:


    ԳԼՈՒԽ 2.

    ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում

    1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:

    2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձեւից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենիայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով։

    3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական եւ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում եւ մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը եւ ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը եւ առողջ կենսակերպի ձեւավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:

    4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում՝ շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ մեկ տարի տեւողությամբ՝ շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ մինչեւ 3 տարի տեւողությամբ՝ շաբաթական առնվազն 4 ժամով։

    5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:

    6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական եւ միջազգային մրցաշարերին:

    7. Ուսումնական հաստատությունները եւ մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձեւերն ու պարապմունքների տեւողությունը՝ հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա, կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային- առողջարարական եւ մարզական աշխատանքներ:

    8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում եւ պետական չափորոշիչներին համապատասխան՝ ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան՝ յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) սահմանած կարգով։

    Հոդված 7. Հաշմանդամ մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

    1. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքներին նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի գործառական հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:

    2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական, բժշկական ապահովագրությունը եւ բուժական հսկողությունն իրականացնում են ուսումնական հաստատությունների եւ առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի իրավասու մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի իրավասու մարմինները հաշմանդամների եւ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամ մանուկների ու պատանիների նախապատրաստումը եւ մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին (այդ թվում՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին)` լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 8. Ֆիզիկական դաստիարակությունը բնակության վայրում

    1. Մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաեւ հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    2. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի իրավասու մարմիններն աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում:

    Հոդված 9. Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը

    1. Նախազորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը զինվորական ծառայությանն իրականացվում է հանրակրթական եւ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ պետական ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    2. Պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը կարող է պայմանագրեր կնքել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի, մարզական զինվորական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ՝ նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությունը նախապատրաստելու վերաբերյալ:

    3. Պատանիների ֆիզիկական նախապատրաստումը զինվորական ծառայությանը եւ դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

    Հոդված 10. Մարզական կազմակերպությունները

    1. Մարզական կազմակերպությունները կազմակերպում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, մարզաձեւերի հավաքական թիմերը համալրում են մարզիկներով, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:

    2. Մարզական կազմակերպություններն ստեղծում են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք։ Մարզական կազմակերպությունների ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական գործունեությունն իրականացվում է լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 11. Մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությունները

    Մինչեւ 14 տարեկան անչափահասը մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հանաձայն՝«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

    Հոդված 12. Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները

    Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները կազմակերպում են մարզիչ-մանկավարժները, որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը։

    Հոդված 13. Մարզական միջոցառումների մրցավարությունը

    Մարզական միջոցառումների մրցավարությունը համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների սահմանած կարգով իրականացնում են համապատասխան մասնագիտական որակավորում ու պատրաստվածություն ունեցող մրցավարները։

    Հոդված 14. Սպորտով զբաղվողների բուժապահովությունը եւ բժշկական վերահսկողությունը

    1. Մարզական պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, ովքեր բժշկական հաստատություններում հետազոտվել են եւ թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու մարզական միջոցառումներին:

    2. Բարձրակարգ մարզիկներին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են մարզական բժշկության կենտրոններ։

    3. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պարապմունքներում եւ խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջությանը պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների եւ ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

    Հոդված 15. Մարզական կարգերը

    Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգերը շնորհվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 16. Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների եւ պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցությունը

    Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների եւ պատանիների ու նրանց մարզիչների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պատվովճարներ, պարգեւատրումներ եւ խրախուսման այլ ձեւեր, ինչպես նաեւ դրանց չափը եւ տրամադրման կարգը:


    ԳԼՈՒԽ 3.

    ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

    Հոդված 17. Մանկապատանեկան սպորտի տարեկան ծրագիրը

    1. Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքներն իրականացվում են մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագրերով (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:

    2. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

    3. Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

    Հոդված 18. Տարեկան ծրագրի բովանդակությունը եւ դրա մշակման սկզբունքները

    1. Տարեկան ծրագիրը ներառում է՝

    1) ծրագրի հիմնական խնդիրները.

    2) նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը.

    3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

    4) ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

    5) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման (ներառյալ՝ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

    6) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից եւ մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.

    7) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների եւ պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման եւ նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները եւ նախատեսվող արտոնությունները.

    8) մանուկների եւ պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային- մարզական միջոցառումներին ( այդ թվում՝ միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.

    9) մանուկների եւ պատանիների` ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների (ներառյալ՝ համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք, նյութատեխնիկական ապահովվածություն եւ այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

    10) մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական եւ առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

    11) ուսումնական եւ մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակության ու սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

    12) մինչզորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

    13) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին եւ պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգեւատրումներ, թոշակներ եւ խրախուսման այլ ձեւեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

    14) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

    15) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

    16) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման միջոցառումները.

    17) այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար։

    2. Տարեկան ծրագրի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում դրա կատարումն ապահովող օրինագծերը։

    Հոդված 19. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

    Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է։


    ԳԼՈՒԽ 4.

    ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

    Հոդված 20. Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

    Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

    1) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

    2) պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով է ներկայացնում մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագիրը.

    3) մշակում է մանուկների եւ պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (ներառյալ՝ համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք եւ այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները.

    4) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկներին եւ պատանիներին « ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը.

    5) սահմանում է մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին եւ պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգեւատրումների, թոշակների եւ խրախուսման այլ ձեւերի չափերն ու տրամադրման կարգը.

    6) աջակցում է մանուկների եւ պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին.

    7) սահմանում է առողջարարական բնույթի ծառայություններից, մարզադպրոցներից, մարզաբազաներից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու կարգը.

    8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

    Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

    Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

    1) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.

    2) վերահսկում է մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.

    3) մշակում է տարեկան ծրագիրը եւ մասնակցում դրա իրականացմանը.

    4) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.

    5) մշակում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների ու պատանիների ընդգրկման ձեւերն ու եղանակները.

    6) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.

    7) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում՝ միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության կարգը.

    8) մշակում է մինչզորակոչային եւ զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.

    9) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

    10) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

    11) մշակում է մեթոդական փաստաթղթեր մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ.

    12) համագործակցում է մանուկների եւ պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

    13) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների եւ այլն) պատրաստումը եւ վերապատրաստումը.

    14) սահմանում է անհատական մարզաձեւերում, ինչպես նաեւ մարզական թիմերի կազմում բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգեր շնորհելու կարգը.

    15) իրականացնում է այլ լիազորություններ:

    Հոդված 22. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

    Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝

    1) մանկապատանեկան սպորտի բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.

    2) մասնակցում են մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.

    3) համակարգում են պետական իրավասու մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ եւ համաձայնեցված գործունեությունը.

    4) համակարգում եւ իրականացնում են մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերը.

    5) աջակցում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

    6) աջակցում են մարզի եւ համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

    7) աջակցում են մարզի եւ համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

    Հոդված 23. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

    Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները՝

    1) իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը.

    2) աջակցում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի իրականացմանը.

    3) աջակցում են համայնքի տարածքում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

    4) աջակցում են համայնքի տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

    5) նպաստում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

    Հոդված 24. Միջազգային համագործակցությունը

    1. Մանուկների ու պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում միջազգային համագործակցությունը կառուցվում է միջկառավարական համաձայնագրերի ու պայմանագրերի հիման վրա:

    2. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի իրավասու պետական մարմինները, ուսումնական եւ մարզական հաստատություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ու միջազգային ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների հետ, իրականացնել միջազգային մարզական եւ գիտահետազոտական ծրագրեր, անդամակցել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին, միավորումներին, ֆեդերացիաներին եւ այլ կառույցներին:

    3. Պետությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում մանուկների ու պատանիների հետ աշխատանքներ տանելիս միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացնում է համաձայնեցված քաղաքականություն։


    ԳԼՈՒԽ 5.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 25. Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

    Մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

    Հոդված 26. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

    Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    10.07.2004
    ՀՕ-109


    09.11.2004 «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    17.11.2005 «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.05.2008 «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    23.03.2018 «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    02.10.2024 «Մանկապատանեկան սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին