ՕՐԵՆՔԸ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
- Գլուխ 1 Ընդհանուր դրույթներ
- Գլուխ 2 Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգը
- Գլուխ 3 Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի տնտեսական հիմքերը
- Գլուխ 4 Մարզիկները: Մարզական գործունեության մասին պայմանագիրը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասինՀայաստանի Հանրապետության օրենսդրությունը
Սույն օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը։
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
ա) ֆիզիկական կուլտուրա՝ մարդու առողջ ապրելակերպի եւ ֆիզիկական կատարելագործման համար հասարակության կողմից ստեղծված եւ օգտագործվող հոգեւոր ու նյութական արժեքների ամբողջություն.
բ) ֆիզիկական դաստիարակություն՝ բնակչության առողջության ամրապնդմանը, աշխատունակության բարձրացմանը եւ երկարակեցությանը, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձեւավորմանն ուղղված կազմակերպված գործընթաց.
գ) ֆիզկուլտուրային շարժում՝ բնակչության ֆիզիկական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը նպատակաուղղված պետական եւ հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների գործունեություն.
դ) սպորտ՝ ֆիզիկական կուլտուրայի բաղկացուցիչ մաս, պատմականորեն առաջացած՝ մարդկանց մրցակցական գործունեության եւ մրցումների նախապատրաստման հատուկ մասնագիտական մարզումների գործընթաց.
ե) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմ՝ մարզաձեւի լավագույն մարզիկներով, մարզիչ-մանկավարժներով, գիտնականներով, բժիշկներով եւ այլ մասնագետներով համալրված թիմ, որը նախապատրաստվում եւ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո մասնակցում է միջազգային մարզական միջոցառումներին.
զ) սիրողական սպորտ՝ մարզական զանգվածային գործունեություն, ֆիզիկական դաստիարակության բաղկացուցիչ մաս, ըստ նախասիրության՝ տարբեր մարզաձեւերում շնորհալի եւ հեռանկարային անհատներին ի հայտ բերելու միջոց.
է) պրոֆեսիոնալ սպորտ՝ սպորտի բնագավառում շահույթ հետապնդող գործունեություն, որին մասնակցում են պրոֆեսիոնալ մարզական կազմակերպությունները (լիգաներ, ակումբներ, թիմեր), սպորտը որպես մասնագիտություն ընտրած մարզիկները.
ը) օլիմպիական շարժում՝ սպորտի զարգացմանը, մարդու հոգեւոր եւ ֆիզիկական կատարելությանը, միջազգային սպորտային փոխհամագործակցությանը նպատակաուղղված հասարակական շարժում.
թ) ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներ՝ ֆիզիկական վարժությունների համալիր առաջադրանքներ, որոնց կատարման արդյունքներով բացահայտվում են բնակչության տարբեր տարիքային եւ առողջական խմբերի ֆիզիկական պատրաստականության մակարդակն ու առողջական վիճակը.
ժ) ուսումնամարզական ծրագրեր՝ ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչներին համապատասխան մշակված տարբեր մակարդակների եւ ուղղվածության ծրագրեր, որոնց հիման վրա կազմակերպվում է ուսումնամարզական գործընթացը.
ժա) մարզիչ-մանկավարժ՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ուսումնական ծրագրով մարզական, մանկավարժական գործունեություն իրականացնող մասնագիտական կրթություն ունեցող անձ:
Հոդված 3. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրները
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի օրենսդրության խնդիրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ պետության կողմից ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը նպաստելու իրավական մեխանիզմների ստեղծումը.
բ) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի համակարգի գործառնության եւ զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.
գ) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգի կառավարման իրավասությունների բաշխումն ու տարանջատումը, գործառույթների կանոնակարգումը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզական հասարակական կազմակերպությունների, միությունների եւ ընկերությունների միջեւ.
դ) այդ բնագավառի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների, պարտականությունների, պատասխանատվության սահմանումն ու փոխհարաբերությունների իրավական կարգավորումը:
Հոդված 4. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունը
Պետությունը նպաստում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը։
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման մասին պետական ծրագրով (այսուհետ՝ պետական ծրագիր) սահմանված ժամկետներում եւ կարգով:
Պետական ծրագրի նպատակն է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ապահովումը:
Պետական ծրագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, որը հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ:
Պետական ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ արտացոլում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման տարեկան ծրագրերում (այսուհետ՝ տարեկան ծրագիր):
Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:
Հոդված
5.
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական
քաղաքականության սկզբունքները
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝
ա) բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը.
բ) տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը եւ ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը.
գ) հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդության ֆիզիկական պատրաստականության ապահովումը.
դ) բարձրակարգ մարզիկների պատրաստումը, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցության ապահովումը.
ե) պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգի կատարելագործումը:
Հոդված 6. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական երաշխիքները
Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման պետական երաշխիքներն են՝
ա) ֆիզիկական կուլտուրայով եւ սպորտով զբաղվելու, այդ բնագավառը որպես մասնագիտություն ընտրելու, ֆիզկուլտուրային եւ օլիմպիական շարժմանը մասնակցելու մարդկանց հավասար իրավունքների ապահովումը.
բ) բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովումը, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումն ուսումնական բոլոր հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում.
գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների, համահայկական խաղերի անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին, միջազգային եւ այլ մրցաշարերին Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ու մարզիկների նախապատրաստման եւ մասնակցության ֆինանսավորումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
դ) աջակցությունը մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը, դրանց նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը.
ե) այդ բնագավառի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման ապահովումը, բնակչության ֆիզիկական դաստիարակության եւ բարձրագույն նվաճումների՝ սպորտի հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների նպատակային ֆինանսավորումը.
զ) աջակցությունը ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական եւ ուսումնական բազաների պահպանմանն ու նպատակային օգտագործմանը, նոր ուսումնամարզական բազաների կառուցմանը.
է) մարզական գույքի արտադրության եւ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում այլ տնտեսական գործունեության խթանումը։
Հոդված 7. Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝
ա) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի պետական քաղաքականության հայեցակարգը.
բ) մշակում եւ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական ծրագիրը.
գ) սահմանում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում պետական պատվերի տեղադրման կարգը.
դ) հաստատում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված
8. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ
սպորտի ազգային համակարգի կառուցվածքը
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ազգային համակարգը պետական կառավարման լիազորված մարմնի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ստորաբաժանումների ամբողջությունն է: Այդ համակարգի մասն են կազմում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հետեւյալ հասարակական կազմակերպությունները՝
ա) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն.
բ) մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները.
գ) այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները եւ ընկերությունները:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը՝
ա) իրականացնում է բնագավառի պետական քաղաքականությունը.
բ) համադասում է պետական եւ տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.
գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային- առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի համալրման գործընթացը.
դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում եւ հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի նորմատիվ ակտերը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում եւ հաստատում է նախադպրոցական եւ դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության եւ ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.
զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում՝ մարզիչ-մանկավարժների պատրաստումը եւ վերապատրաստումը.
է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.
ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական եւ զանգվածային միջոցառումների օրացուցային պլանը.
թ) աջակցում է հաշմանդամների շրջանում ֆիզկուլտուրային եւ մարզական ծրագրերի իրականացմանը.
ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ։
Հոդված
10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
մարմինների լիազորությունները ֆիզիկական կուլտուրայի եւ
սպորտի բնագավառում
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինները՝
ա) հսկողություն են իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
բ) համադասում են մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձեւերի զարգացման եւ ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.
գ) աջակցում են մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի եւ համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.
դ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ։
Հոդված 11. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների դերը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները նպաստում են՝
ա) համայնքի տարածքում պետական ծրագրերի իրագործմանը.
բ) նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի ուսուցման գործընթացին.
գ) համայնքների բնակչության հետ ֆիզկուլտուրային - առողջարարական եւ մարզական միջոցառումների կազմակերպմանը.
դ) ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի նյութատեխնիկական բազայի ստեղծման, բարելավման եւ հետագա ամրապնդման գործընթացին.
ե) մանկապատանեկան մարզադպրոցների ցանցի ընդլայնմանը եւ մարզաձեւերի զարգացմանը։
Հոդված 12. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (այսուհետ՝ ՀԱՕԿ) գլխավորում է օլիմպիական շարժումը երկրում:
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի եւ օլիմպիական մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների հետ ՀԱՕԿ-ը մշակում եւ իրագործում է բարձրագույն նվաճումների՝ սպորտի զարգացման միասնական քաղաքականությունը:
ՀԱՕԿ-ը գործում է Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիային, իր կանոնադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
ՀԱՕԿ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցությունն օլիմպիական խաղերին ու Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մյուս միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը եւ մարզիկներն օլիմպիական խաղերին եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցումներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո:
Օլիմպիական շարժման եւ բարձրագույն նվաճումների՝ սպորտի զարգացման հարցերում ՀԱՕԿ-ը համադասում է հասարակական մարզական կազմակերպությունների աշխատանքները:
ՀԱՕԿ-ը մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացմամբ մշակում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը:
ՀԱՕԿ-ը Միջազգային օլիմպիական կոմիտեի խորհրդանիշների, նշանաբանների պահապանն է մեր երկրում: Հայաստանի օլիմպիական խորհրդանիշները գովազդային կամ այլ նպատակներով կարող են օգտագործվել միայն ՀԱՕԿ-ի թույլտվությամբ եւ պայմաններով:
ՀԱՕԿ-ն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է պետական բյուջեի նպատակային հատկացումների, ֆինանսական սեփական միջոցների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրների հաշվին:
Հոդված 13. Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները
Մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները՝
ա) մշակում եւ իրականացնում են մարզաձեւերի զարգացման ծրագրեր, կազմակերպում են հանրապետական առաջնություններ, ուսանողական մարզական խաղեր, նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերին եւ մարզիկներին՝ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային ունիվերսիադաներին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար.
բ) քառամյա փուլային ծրագրով նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը՝ օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Հոդված
14. Այլ մարզական հասարակական կազմակերպությունները,
միությունները եւ ընկերությունները
Այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները եւ ընկերություններն իրականացնում են ֆիզկուլտուրային - առողջարա-րական, մարզական զանգվածային միջոցառումներ, ինչպես նաեւ մարզաձեւերի զարգացման եւ մարզական հերթափոխի պատրաստման ծրագրեր:
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 15. Սեփականության հարաբերությունները ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում
Պետական ու համայնքային ենթակայության ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպության գործունեությունն ապահովելու նպատակով հիմնադիրը կազմակերպությանն է հանձնում շենքեր, շինություններ, մարզական եւ այլ անհրաժեշտ գույք, որոնք պետք է օգտագործվեն կանոնադրական խնդիրներն իրականացնելու նպատակով։
Ոչ պետական ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպությունների սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք, բացի գույքի այն տեսակներից, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենքներով։
Հոդված 16. Ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպությունների ֆինանսավորումը
Պետական բյուջեից ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պետական պատվերի տեղադրման, նպատակային ծրագրերի եւ դրամաշնորհների ձեւով։
Ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպությունների ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կատարած ներդրումները.
բ) սեփական միջոցները, որոնք գոյանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ ձեւերից.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցները։
ՄԱՐԶԻԿՆԵՐԸ։ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 17. Սիրողական եւ պրոֆեսիոնալ մարզիկները
Սիրողական մարզիկներ են համարվում այն անձինք, որոնք մրցումներին նախապատրաստվում եւ մասնակցում են սիրողական սկզբունքով։
Պրոֆեսիոնալ մարզիկներ են համարվում սպորտը որպես մասնագիտություն ընտրած անձինք, որոնք իրենց մարզական գործունեության համար վարձատրվում են:
Պրոֆեսիոնալ մարզիկի գործունեությունը կարգավորվում է ազգային ֆեդերացիաների եւ մարզական այլ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով:
Հոդված 18. Մարզական գործունեության մասին պայմանագիրը եւ մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ
Մարզական գործունեության մասին պայմանագիրը կնքվում է մարզիկի եւ մարզական կազմակերպության միջեւ։
Պայմանագիրը պետք է բովանդակի մարզիկի իրավունքները եւ պարտավորությունները, բժշկական, սոցիալական ապահովագրության, պայմանագրի ժամկետի երկարաձգման, պայմանագրի լուծման, մարզումների, միջոցառումների մասնակցության անհրաժեշտ պայմանների ստեղծման, նյութական ապահովման վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաեւ այլ պայմաններ։
Մարզիկների տեղափոխություններն այլ մարզական կազմակերպություններ կամ օտարերկրյա ակումբներ կարող են իրականացվել պայմանագրի ժամկետը լրանալու եւ (կամ) դրանում նախատեսված պարտավորությունների կատարման դեպքում:
Մարզական կազմակերպությունների փոխադարձ համաձայնության դեպքում մարզիկի տեղափոխությունը կարող է իրականացվել նաեւ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը:
Մարզիկների՝ կազմակերպությունից կազմակերպություն տեղափոխության կանոնները, տրանսֆերտային վճարումները, փոխհատուցումները, մարզիկին պատրաստող ակումբի շահերը կարգավորվում են պայմանագրերով՝ օրենսդրությանը համապատասխան:
Պետական պատվերով ֆինանսավորվող ֆիզկուլտուրային եւ մարզական կազմակերպություններում ընդգրկված մարզիկների եւ մարզիչների տեղափոխությունների կարգն այլ մարզական կազմակերպություններ սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 հուլիսի 2001թ.
ՀՕ-196