Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.1991
Ղեկավարվելով Հայաստանի անկախության մասին Հռչակագրով, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգեւոր զարթոնքը, նրա դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, ճանաչելով Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարեւոր պատվար, առաջնորդվելով միջազգազին նորմերով սահմանված մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների սկզբունքներով եւ հավատարիմ լինելով Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի 18 հոդվածի դրույթներին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունում է սույն օրենքը Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին:
 


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի եւ կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք
ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրենքի առջեւ հավասար են քաղաքացիական, հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց
վերաբերմունքից կամ կրոնական պատկանելիությունից:

Դավանանքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների ուղղակի կամ անուղղակի սահմանափակումները, կրոնական հողի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, կրոնական թշնամանքի հարուցումը
առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 3. Քաղաքացու նկատմամբ չի թույլատրվում որեւէ հարկադրանք կամ բռնություն՝ ժամերգություններին, կրոնական ծիսակատարություններին եւ արարողություններին, կրոնի ուսուցմանը մասնակցելու կամ չմասնակցելու
հարցերի նկատմամբ իր վերաբերմունքը որոշելիս:

Խղճի ազատության իրավունքի իրագործումը ենթակա է լոկ այն սահմանափակումներին, որոնք անհրաժեշտ են հասարակական անվտանգությունը եւ կարգուկանոնը, քաղաքացիների առողջությունն ու բարոյականությունը, հասարակության մյուս անդամների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար:

2. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

Հոդված 4. Կրոնական կազմակերպությունը հավատի համատեղ ղեկավարության, ինչպես նաեւ կրոնական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված քաղաքացիների միավորում է:

Կրոնական կազմակերպություններ են՝ եկեղեցական ու կրոնական համայնքները, թեմերը, վանքերը, կրոնական միաբանությունները, նրանց կրթական ու հրատարակչական հաստատությունները եւ այլ կրոնական-եկեղեցական
հիմնարկներ:

Հոդված 5. Քաղաքացիների խումբը ճանաչվում է որպես կրոնական կազմակերպություն, եթե այն բավարարում է հետեւյալ պայմաններին.

ա) չի հակասում սույն օրենքի 3-րդ հոդվածի դրույթներին.

բ) հիմնվում է պատմականորեն կանոնացված որեւէ սուրբ գրքի վրա.

գ) իր դավանանքով մտնում է համաշխարհային ժամանակակից կրոնական-եկեղեցական համայնքների համակարգի մեջ.

դ) զերծ է նյութապաշտությունից եւ ուղղված է դեպի զուտ հոգեւոր ոլորտները.

ե) իր մեջ ընդգրկում է առնվազն 50 հավատացյալ.

Սույն պայմանները (բացի «ա» կետում նշվածից) պարտադիր չեն միայն ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպությունների համար՝ իրենց ազգային դավանանքով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.

Հայաստանաց Առաքելական Եկեղեցին (կրճատ՝ Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակեպություններ, որոնք ստեղծվում են եւ գործում են իրենց հավատացյալ անդամների
շրջանակում՝ սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:

3. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Կրոնական կազմակեպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

բ) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակեպությունների հիմնարկներում, ինչպես նաեւ
գերեզմանոցներում, քաղաքացիների տներում եւ բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով,

մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են ժողովների, հանրահավաքների, ցույցերի ու երթերի համար սահմանված կարգով.

դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար՝ ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները.

ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով.

գ) պատրաստել հոգեւորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգեւոր կենտրոնների կրթական հաստաություններում.

է) ձեռք բերել եւ օգտագործել կրոնական նշանակության առարկաներ եւ նյութեր.

ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից՝ օրենքով սահմանված կարգով.

թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ՝ անկախ նրանց ազգային կամ դավանական պատկաելիությունից, իր հավատացյալներին գործուղել արտասահման՝ ուխտագնացության, ժողովների
ու կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաեւ կրթական նպատակով.

ժ) զբաղվել բարեգործությամբ:

Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը: Որպես հոգեորսություն չի կարող դիտվել սույն օրենքի 7 հոդվածում նշված իրավասությունների սահմանում ծավալված որեւէ գործողություն:

4. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Հոդված 9. Կրոնական կազմակեպության սեփականության իրավունքը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության սեփականության մասին» օրենքով:

Հոդված 10. Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու եւ կրոնական այլ կազմակերպությունների պատմական հուշարձաններն ու պաշտամունքային գույքը օգտագործվում են համաձայն այդ կազմակերպությունների
նվիրագործված ավանդական կարգի:

Հոդված 11. Կրոնական կազմակեպությունները պարտավոր են ապահովել պետության կողմից որպես սեփականություն իրենց հանձնված կառույցների, տարածքների ու մյուս ունեցվածքի, ինչպես նաեւ իրենց սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանությունը եւ ըստ նշանակության օգտագործումը:

Հոդված 12. Կրոնական կազմակեպությունները կարող են դիմել հավատացյալներին կամավոր դրամական եւ այլ նվիրատվությունների խնդրանքով, ստանալ եւ տնօրինել դրանք:

Կրոնական կազմակեպությունների ստացած դրամական եւ այլ նվիրատվությունները, քաղաքացիներից ստացվող հասույթները հարկման ենթակա չեն:

Հոդված 13. Այն կրոնական կազմակեպությունները, որոնց հոգեւոր կենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, չեն կարող ֆինանսավորվել այդ կենտրոնների, ինչպես նաեւ դրսում գտնվող
քաղաքական կազմակերպությունների կողմից:

 5. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՑՈՒՄԸ

Հոդված 14. Կրոնական համայնքը կամ կազմակեպությունը ճանաչվում է իրավաբանական անձ՝ Նախարարների խորհրդին առընթեր կրոնական գործերի պետական մարմնի կողմից գրանցվելու դեպքում: Գրանցվելու համար
կրոնական կազմակերպությունն այդ մարմնին ներկայացնում է իր կանոնադրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 5 հոդվածում նշված պայմանները հավաստող փաստաթղթեր:

Հոդված 15. Կրոնական կազմակերպության կանոնեդրությունը տվյալներ է պարունակում կրոնական կազմակերպության բնույթի եւ գործելու վայրի, դավանական պատկանելիության, կրոնական միավորման
կառուցվածքի, աղոթատեղերի եւ գույքային դրության, ձեռնարկություններ հիմնելու, ուսումնական եւ հրատարակչական հաստատություններ ստեղծելու մտադրությունների, գործունեության դադարեցման դեպքում գույքային եւ այլ հարցերի լուծման կարգի մասին, ինչպես նաեւ պարունակում է տվյալ կազմակերպության գործունեության առանձնահատկությունների հետ կապված այլ դրույթներ:

Հոդված 16 . Կրոնական կազմակերպության գրանցման կամ գրանցումը մերժելու որոշումը՝ մերժման հիմքերի նշումով, մեկամսյա ժամկետում գրավոր ձեւով հանձնվում է դիմողին:

Կրոնական կազմակերպության գրանցումը կարող է մերժվել գործող օրենսդրությանը նրա հակասելու պարագայում:

Մերժումը կամ որոշման կայացման՝ սույն օրենքով նախատեսված ժամկետի խախտումը կարող է գանգատարկվել դատական կարգով:

Կրոնական կազմակեպության գործունեությունը կարող է դադարեցվել ինքնալուծարքի հետեւանքով կամ դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների խախտման դեպքում:

6. ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը՝

ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.

բ) չի միջամտում եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների՝ օրենքին համապատասխանող գարծունեությանը եւ ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որեւէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.

գ) արգելում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որեւէ պետական ֆունկցիա:

Պետությունը չի խոչընդոտում ազգային եկեղեցու մենաշնորհ հանդիսացող հետեւյալ առաքելությունների իրագործմանը.

- ազատ քարոզել ու տարածել իր դավանանքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով.

- վերստեղծել իր պատմական ավանդույթները, կառուցվածքը, կազմակերպությունները, թեմերն ու համայնքները.

- կառուցել նոր եկեղեցիներ, գործող դարձնել իրեն պատկանող պատմական հուշարձան-եկեղեցիները՝ ինչպես հավատացյալների խնդրանքով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ.

- նպաստել հայ ժողովրդի հոգեւոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաեւ պետական կրթական հաստատություններում.

- գործնականորեն աջակցել հայ ժողովրդի բարոյական կատարելագործմանը.

- ծավալել բարեգործական եւ բարեխնամ գործունեություն:

Միեւնույն ժամանակ Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաեւ հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը՝ միջազգային
իրավական նորմերի սահմաններում:

Հոդված 18. Պետությունը չի ֆինանսավորում ինչպես կրոնական կազմակերպությունների գործունեությունը, այնպես էլ աթեիզմի քարոզչությունը, միեւնույն ժամանակ կրոնական կազմակերպությունների անդամներին եւ
սպասավորներին վերապահում է հասարակական եւ քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Հոդված 19. Գործող օրենսդրությամբ նախատեսված բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են նաեւ կրոնական կազմակերպությունների հավատացյալ անդամների վրա՝ այլ քաղաքացիների հետ համահավասար:

Քաղաքացիական պարտականությունների եւ կրոնական համոզմունքների հակասության անռանձին դեպքերում քաղաքացիական պարտականությունների կատարման հարցը կարող է լուծվել այլընտրանքային սկզբունքով՝ օրենքով
նախատեսված կարգով համապատասխան պետական մարմնի եւ տվյալ կրոնական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:

Հոդված 20 . Քաղաքացիական կացության ակտերի փոխհամաձայնեցված եկեղեցական գրանցումը պետությունը ճանաչում է որպես օրինական ուժ ունեցող գործողություն՝ համապատասխան բոլոր հետեւանքներով:

Հոդված 21. Պետությունն իր վրա է վերցնում կրոնական նշանակություն ունեցող պատմական հուշարձանների պահպանությունը՝ անկախ նրանց պատկանելիությունից:

Հոդված 22. Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրված անձը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհդին առընթեր ստեղծվում է հատուկ պետական մարմին, որը կարգավորում է պետության եւ կրոնական կազմակերպությունների հարաբերությունները՝

ա) գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները, միջնորդում է դատարանին օրենքը խախտող կրոնական կազմակերպությունը լուծարքի ենթարկելու առաջարկով:

բ) կրոնական կազմակերպությունների խնդրանքով աջակցում է առանձին հարցերի շուրջ պետական մարմինների հետ համաձայնության գալուն եւ անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս այդ հարցերի լուծմանը պետական մարմինների կողմից.

գ) պետության անունից որպես միջնորդ մասնակցում է Հայաստանի կրոնական կազմակերպությունների միջեւ ծագող հարցերի լուծման եւ վեճերի լուծմանը:

Պետության եւ կրոնական կազմակերպությունների սույն օրենքով չկանոնակարգված հարաբերությունները կարգավորվում են պետության եւ համապատասխան կրոնական կազմակերպությունների վարչությունների
համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն
 խորհրդի նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի քարտուղար՝ Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

17 հունիսի 1991 թվականի,
Հ. Ն. -0333-1




10.09.1997 «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
03.04.2001 «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» եւ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
14.04.2011 «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին