Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.09.2004
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.Կանխիկ դրամի եւ այլ արժեքների ինկասացիա
  • Գլուխ 3 Օրենսդրության խախտումները եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները
  • Գլուխ 4. Անցումային դրույթներ


    ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

    Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեության եւ ինկասացիոն կազմակերպության հասկացությունները, ինկասացիոն գործունեության իրականացման կարգը, ինչպես նաեւ սահմանում է այդ գործունեության ընթացքում ինկասացիոն կազմակերպությունների կողմից օրենսդրության խախտումները եւ դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները:

    Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասնակցությամբ հարաբերությունների վրա:

    Հոդված 2. Ինկասացիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

    Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ինկասացիոն գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ իրավական այլ ակտերով:

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

    ինկասացիոն կազմակերպություն՝ սույն օրենքով եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առեւտրային իրավաբանական անձ.

    կանխիկ դրամ՝ շրջանառության մեջ գտնվող, ինչպես նաեւ շրջանառությունից հետ կանչված եւ հանված, սակայն փոխանակման ենթակա Հայաստանի Հանրապետության դրամը, ինչպես նաեւ կանխիկ արտարժույթ, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորներ.

    այլ արժեքներ՝ արժեթղթեր, վճարահաշվարկային փաստաթղթեր, ինչպես նաեւ այլ գույք, որը պատվիրատուն ցանկանում է փոխադրել.

    բանկ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ, բանկի գլխամաս, բանկի տարածքային ստորաբաժանումներ.

    վարկային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպության գլխամաս, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումներ.

    հաճախորդ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների ծառայություններից օգտվող անձ.

    պատվիրատու՝ անձ, որն ինկասացիոն կազմակերպության հետ կնքել է կանխիկ դրամի եւ (կամ) այլ արժեքների ինկասացիայի մասին պայմանագիր:

    Հոդված 4. Ինկասացիոն գործունեությունը

    1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն են համարվում կանխիկ դրամի փոխադրումները, անվտանգ փոխադրման համար բանկերում եւ վարկային կազմակերպություններում դրանց ընդունման եւ հանձնման գործընթացը, ժամանակավոր պահպանությունը, ինչպես նաեւ բանկերի եւ վարկային կազմակերպությունների հաճախորդների կանխիկ դրամական հասույթների հավաքագրման, տեղափոխման ու բանկերի, վարկային կազմակերպությունների դրամարկղեր հանձնելու գործունեությունը:

    Ինկասացիոն գործունեություն չի համարվում սույն մասով նախատեսված այն գործունեությունը, որը չի իրականացվում որպես ձեռնարկատիրական գործունեություն:

    2. Ինկասացիոն գործունեություն կարող են իրականացնել միայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա ունեցող առեւտրային իրավաբանական անձինք, որոնց կանոնադրական կապիտալը կազմում է առնվազն 20 միլիոն դրամ:

    3. Ինկասացիոն կազմակերպությունները եւ նրանց մասնագիտացված աշխատակիցներն իրենց գործառնական պարտականությունները կատարելու համար իրավունք ունեն օգտագործելու քաղաքացիական եւ ծառայողական զենք, իսկ առանձին դեպքերում՝ ոստիկանության կողմից ժամանակավոր օգտագործման համար հատկացված մարտական զենքի առանձին տեսակներ: Ինկասացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական եւ ծառայողական զենքի տեսակը, ձեւը, մոդելը եւ քանակը սահմանում է կառավարությունը:

    4. Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ միավոր զրահապատ ավտոտրանսպորտային միջոց: Այն պետք է ունենա գունային տարբերակում, սարքավորված լինի ռադիոկապով, ինչպես նաեւ հատուկ ձայնային եւ դեղին գույնի առկայծող փարոսիկների տեսքով լուսային ազդանշաններով:

    5. Ինկասացիոն կազմակերպությունն իրավունք չունի իրականացնելու այլ գործունեություն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

    Հոդված 5. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումը, ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության եւ հատուկ պատրաստության ստուգումների կարգերը

    1. Ինկասացիոն կազմակերպության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կառավարության սահմանած կարգով:

    2. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը սահմանվում է «Լիցենզավորման մասին», «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կառավարության սահմանած լիցենզավորման կարգով, որը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) հետ:

    3. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված յուրաքանչյուր ստուգումից հետո երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

    4. Ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցներն անցնում են նաեւ հատուկ պատրաստության ստուգումներ, որոնց անցկացման կարգը եւ պայմանները սահմանվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

    Հոդված 6. Ինկասացիոն գործունեության նկատմամբ վերահսկողությունը

    Ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պահանջների կամ պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կառավարության լիազորած մարմինը՝ «Զենքի մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ 2.

    ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՆԿԱՍԱՑԻԱ

    Հոդված 7. Կանխիկ դրամի եւ այլ արժեքների փոխադրումը

    1. Կենտրոնական բանկի՝ իր կողմից լիցենզավորվող կազմակերպությունների համար սահմանած առավելագույն սահմանաքանակը գերազանցող կանխիկ դրամի ինկասացիան պարտադիր իրականացնում են ինկասացիոն կազմակերպությունները:

    2. Այլ արժեքների փոխադրումը կարող է իրականացվել ազատ՝ ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից:

    Հոդված 8. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամի եւ այլ արժեքների ընդունման եւ հանձնման ձեւերը

    1. Ինկասացիոն կազմակերպության կողմից կանխիկ դրամի ընդունումն ու հանձնումը կատարվում են Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով եւ պայմաններով:

    2. Ինկասացիոն կազմակերպության կողմից այլ արժեքների ընդունումն ու հանձնումը կատարվում են Կենտրոնական բանկի խորհրդի եւ կառավարության լիազորած մարմնի համատեղ սահմանած կարգով եւ պայմաններով:

    Հոդված 9. Ինկասացիոն կազմակերպության կողմից փոխադրվող կանխիկ դրամի եւ այլ արժեքների, մասնագիտացված աշխատակիցների կյանքի եւ առողջության ապահովագրումը

    Ինկասացիոն կազմակերպությունը պարտավոր է իր հաշվին ապահովագրել իր կողմից փոխադրվող կանխիկ դրամը, ինչպես նաեւ ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների կյանքը եւ առողջությունը: Կանխիկ դրամի տարբեր խմբաքանակների պարբերաբար ապահովագրությունն ապահովագրողի հետ որոշակի ժամանակահատվածի ընթացքում եւ միանման պայմաններով կարող է ապահովագրողի եւ ինկասացիոն կազմակերպության համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պոլիսի միջոցով:

    Այլ արժեքների ապահովագրումը կատարվում է պատվիրատուի ցանկությամբ:
     


    ԳԼՈՒԽ 3.

    ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Հոդված 10. Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները

    Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

    ա) նախազգուշացում եւ խախտումը վերացնելու հանձնարարական.

    բ) լիցենզիայի գործողության կասեցում.

    գ) լիցենզիայի գործողության դադարեցում:

    Հոդված 11. Օրենսդրության խախտումները

    Ինկասացիոն կազմակերպության նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները, եթե՝

    ա) ինկասացիոն կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի չափին.

    բ) ինկասացիոն կազմակերպությունն իրականացրել է սույն օրենքով չնախատեսված գործունեություն.

    գ) խախտվել են ինկասացիոն կազմակերպության անձնակազմի պատրաստվածության եւ տեխնիկական միջոցների պահանջվող վիճակն ապահովելու միջոցառումների կատարման վերաբերյալ պետական լիազորված մարմնի սահմանած պահանջները.

    դ) ինկասացիոն կազմակերպությունը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում չի կատարել պետական լիազորված մարմնի` սույն օրենքով սահմանված խախտումները վերացնելու հանձնարարականը.

    ե) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

    Հոդված 12. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու հանձնարարականը

    1. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տված խախտումը եւ այդ մասին տեղեկացվում է ինկասացիոն կազմակերպությանը:

    2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տված խախտումը պետական լիազորված մարմնի սահմանած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

    3. Նախազգուշացումը, որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել, եթե տվյալ իրավախախտման համար սույն օրենքով լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում նախատեսված չէ:

    Սույն օրենքով նախատեսված իրավախախտման մեկ տեսակի համար կարող է կիրառվել պատասխանատվության մեկ միջոց:

    Հոդված 13. Լիցենզիայի գործողության կասեցումը

    Ինկասացիոն գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության կասեցման դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված դեպքում:

    Հոդված 14. Լիցենզիայի գործողության դադարեցումը

    1. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքերում, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում:

    Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետով թույլ տված խախտումը վերացնելու մասին պետական լիազորված մարմնի հանձնարարականը չկատարելու դեպքում:

    2. Ինկասացիոն կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է նաեւ ինկասացիոն կազմակերպության կողմից լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, գործունեություն չիրականացնելու դեպքում:

    3. Ինկասացիոն կազմակերպության ինկասացիոն գործունեության լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատական կարգով:

    ԳԼՈՒԽ 4.

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց վեց ամիս հետո:

    2. Սահմանել, որ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված եւ լիցենզավորվող ինկասացիոն կազմակերպությունները պարտավոր են վեցամսյա ժամկետում իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

    3. Սահմանել, որ պետական լիազորված մարմինը եւ Կենտրոնական բանկը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում ընդունում են սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերը: 



  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    21.10.2004
    ՀՕ-111


    31.05.2006 «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    28.09.2016 «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    05.10.2022 «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին