ՕՐԵՆՔԸ
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2.Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը Գլուխ 3. Էներգետիկ փորձաքննություն Գլուխ 4. Միջազգային համագործակցություն Գլուխ 5. Անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների եւ դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`
- Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
- էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը եւ ծառայությունների կազմակերպմանը.
- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
էներգաարդյունավետության ցուցանիշ՝ էներգատեղակայանքների համարԱզգային ստանդարտներով ամրագրված էներգակիրների օգտագործման կամ կորստի բացարձակ, տեսակարար կամ հարաբերական մեծությունը ցանկացած տեսակի արտադրանքի արտադրությունում (ծառայության մատուցման ընթացքում) կամ տեխնոլոգիական պրոցեսում.
էներգախնայողություն՝ իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական եւ տնտեսական նպատակային գործունեություն՝ ուղղված էներգետիկ ռեսուրսների տեսակարար ծախսի նվազեցմանը.
էներգակիր՝ զանազան ագրեգատային վիճակներում գտնվող նյութ (պինդ, հեղուկ, գազային) կամ մատերիայի այլ ձեւեր (պլազմա, դաշտ, ճառագայթում եւ այլն), որոնցում կուտակված էներգիան կարող է օգտագործվել էներգամատակարարման նպատակով.
էներգակիրների արդյունավետ օգտագործում՝ տեխնիկայի եւ տեխնոլոգիայի զարգացման ժամանակակից մակարդակով եւ շրջակա միջավայրի պահպանման պահանջներով պայմանավորված էներգակիրների օգտագործումը տնտեսապես շահավետ եւ առավելագույն արդյունավետություն ստանալու պայմանով.
էներգետիկ փորձաքննություն՝ խորհրդատվական ծառայություն՝ ուղղված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց էներգետիկական տնտեսությունների էներգետիկ հաշվեկշիռների եւ (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն ներառող փաստաթղթերում (այսուհետ` էներգետիկ հաշվետվություններ) առկա տեղեկատվության ստուգմանը (այդ թվում՝ էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրմամբ), որի արդյունքում տրամադրվում է էներգետիկ փորձաքննական եզրակացություն.
ինքնավար էներգաարտադրող՝ սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական եւ (կամ) ջերմային էներգիա, կենսագազ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
էներգատեղակայանք՝ էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման, կուտակման, բաշխման եւ սպառման համար նախատեսված սարքավորումներ կամ փոխկապակցված սարքավորումների եւ կառույցների համալիր.
վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ ՝ հողմային, արեգակնային, ջրային, երկրաջերմային եւ կենսազանգվածի էներգիայի աղբյուրներից ստացվող էներգակիրների համախումբ, որոնք կարող են օգտագործվել սպառման նպատակով.
վերականգնվող էներգետիկա՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից էներգակիրների եւ մեխանիկական էներգիայի ստացման ոլորտ:
Հոդված 3. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց փոխհարաբերությունները էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնելիս`
ա) էներգետիկ, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ արտադրող, փոխադրող, փոխակերպող, պահեստավորող եւ օգտագործող էներգատեղակայանքների, մեքենաների, սարքավորումների եւ ապրանքների մշակման, արտադրության, ներմուծման եւ օգտագործման ոլորտներում.
բ) շենքերի եւ կառուցվածքների էներգետիկ արդյունավետության բարձրացման նպատակով ժամանակակից կառուցվածքաջերմամեկուսիչ, ջերմամեկուսիչ ու հերմետիկացնող նյութերի եւ շինվածքների մշակման, արտադրության, ներմուծման ոլորտներում.
գ) էներգակիրներ սպառող արտադրատեխնիկական համալիրների (այդ թվում՝ լուսավորման, ջեռուցման, օդափոխության, ջրամատակարարման եւ ջրահեռացման համալիրների) ու շենքերի եւ կառուցվածքների էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների եւ տեխնիկական լուծումների մշակման ու ներդրման ոլորտներում.
դ) էներգետիկ ռեսուրսների որակի որոշման, հաշվառքի եւ սպառման կարգավորման սարքերի ու տեխնիկական համալիրների մշակման, արտադրության, ներմուծման եւ օգտագործման ոլորտներում.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էներգակիրների եւ մեխանիկական էներգիայի ստացման ոլորտում, ընդ որում՝ ջրային ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիայի ստացման դեպքում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ ներառյալ 10 000 կՎտ կայանային դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայանների վրա.
զ) էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ վերականգնվող, արդյունավետ օգտագործման համար կազմակերպական, գիտահետազոտական, նախագծային, փորձաքննական, մշակման, կառուցման, վերակառուցման եւ կարգաբերման աշխատանքների կատարման ոլորտներում:
Հոդված 4. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի իրավական կարգավորումը
1. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 5. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները
1. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականությունը հիմնված է այդ գործունեության շրջանակներում ներգրավվող կողմերի կամավորության սկզբունքի վրա:
2. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են`
ա) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով տնտեսության էներգետիկ պահանջարկի բավարարման մակարդակի բարձրացումը.
բ) էներգախնայողության իրականացումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող իրավական եւ տնտեսական մեխանիզմների ստեղծումը եւ կիրառումը.
գ) ներկրվող եւ արդյունահանվող էներգետիկ ռեսուրսների ծավալների աճի դեպքում՝ աճի նկատմամբ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման գերակայության ապահովումը.
դ) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, ինչպես նաեւ դրան նպաստող նոր տեխնոլոգիաների կիրառման աճի ու զարգացման ապահովումը.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրսների իրացման մրցունակության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.
զ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված միջոցառումներում բնական ռեսուրսների արդյունավետ (խնայողաբար) օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովումը.
է) էլեկտրական եւ (կամ) ջերմային էներգիայի էներգաարդյունավետ արտադրության խրախուսումը, այդ թվում` ինքնավար էներգաարտադրողների համար.
ը) վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների եւ էլեկտրաէներգետիկական համակարգի համատեղ աշխատանքի խրախուսումը՝ էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով.
թ) սպառողների կողմից տարբեր տեսակի էներգակիրների եւ էներգախնայողական տեխնոլոգիաների ընտրության եւ օգտագործման խրախուսումը.
ժ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի պետական (ազգային) նպատակային ծրագրերի իրագործումը:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 6. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը
1. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարումը պետության կողմից վարվող քաղաքականության մշակումն ու իրականացումն է հետեւյալ ուղղություններով`
ա) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական (ազգային, նպատակային) ծրագրերի մշակումը, ընդունումը եւ իրականացումը.
բ) էներգակիրների արդյունավետ օգտագործման ուղղությամբ պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների կազմակերպումը եւ համակարգումը.
գ) Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման պետական ծրագրերում էներգախնայողության պահանջների ընդգրկումը.
դ) սեփական վերականգնվող էներգետիկ ռեսուրսների առաջնահերթ ու արդյունավետ օգտագործման խթանման տնտեսական ու իրավական մեխանիզմների մշակման ու կիրառման ապահովումը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) էներգախնայողության եւ էներգաարդյունավետության ստանդարտացման փաստաթղթերի մշակումը եւ ներդնումը.
զ) էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստման համակարգի ապահովումը.
է) էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ գործող եւ կառուցվելիք օբյեկտների նախագծերի էներգետիկ փորձաքննությունների իրականացման համակարգի ստեղծումը.
ը) էներգետիկ փորձաքննության գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.
թ) էներգակիրների հաշվառման եւ վիճակագրության ապահովումը.
ժ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման նախագծերի եւ ծրագրերի ֆինանսավորմանն աջակցումը.
ժա) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման նպատակով ուսուցման կազմակերպումը, գիտատեխնիկական առաջընթացին, տեղեկատվությանը եւ քարոզչությանն աջակցումը.
ժբ) էներգախնայողության ծրագրերում եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում միջազգային համագործակցությանն աջակցումը:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարմանը մասնակցում են կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:
3. Պետական արգելավայրերում, ազգային պարկերում եւ պետական արգելոցներում կառուցվող շենքերում ու կառուցվածքներում էներգաարդյունավետ նախագծերի, տեխնոլոգիաների եւ տեխնիկական լուծումների, ինչպես նաեւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման պահանջները սահմանում է կառավարությունը:
Հոդված 7. Էներգախնայողության Ազգային ստանդարտները
Ստանդարտացման Ազգային մարմնի կողմից «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունվում են էներգախնայողության Ազգային ստանդարտներ, որոնցով սահմանվում են`
ա) էներգատեղակայանքների էներգաարդյունավետության ցուցանիշները.
բ) էներգետիկ ռեսուրսների արդյունահանման, արտադրման, վերամշակման, փոխակերպման, փոխադրման, պահեստավորման եւ սպառման էներգաարդյունավետության ցուցանիշները.
գ) շենքերի եւ կառուցվածքների ջեռուցման, լուսավորման, օդափոխության, ջրամատակարարման եւ ջրահեռացման տեխնիկական համալիրների էներգաարդյունավետության ցուցանիշները.
դ) արտադրական պրոցեսների էներգաարդյունավետության ցուցանիշները.
ե) էներգաարդյունավետության բնապահպանական ցուցանիշները:
Հոդված 8. Էներգատեղակայանքների համապատասխանության կամավոր հավաստումը
1. Էներգատեղակայանքները դրանք օգտագործող, արտադրող եւ ներմուծող իրավաբանական (ֆիզիկական) անձանց կողմից կարող են ներկայացվել համապատասխանության կամավոր հավաստման՝ «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն հոդվածով սահմանված համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է էներգատեղակայանքներ օգտագործող, արտադրող եւ ներմուծող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ եւ հաշվին:
3. Համապատասխանության կամավոր հավաստման արդյունքով իրականացվում է էներգատեղակայանքի դրոշմանշում՝ ըստ էներգաարդյունավետության ցուցանիշների:
Հոդված 9. Էներգակիրների պետական հաշվառումը եւ վիճակագրությունը
Վիճակագրության ազգային մարմինն իրականացնում է արդյունահանվող, արտադրվող, ներմուծվող, վերամշակվող, փոխակերպվող, փոխադրվող, պահեստավորվող եւ օգտագործվող էներգակիրների հաշվառում՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով էներգետիկ հաշվեկշիռներ ներկայացնելու համար:
Հոդված 10. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը եւ կրթությունը
Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ուսուցումը եւ կրթությունը կազմակերպելու նպատակով կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինն իրականացնում է`
ա) կրթական համակարգի հանրակրթական, միջին եւ բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ եւ հետբուհական մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի դասընթացների, համապատասխան գիտամեթոդական աշխատանքների նախատեսում.
բ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի հիմունքների եւ տեխնիկայի գծով ճարտարագիտական կադրերի վերապատրաստման դասընթացների նախատեսում:
Հոդված 11. Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի քարոզչությունը
Կառավարության լիազորած մարմինների կողմից էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին տեղեկատվության տարածումն իրականացվում է՝
ա) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի խնդիրների հանրային քննարկմամբ, նրանց բնապահպանական, տնտեսական եւ սոցիալական առավելությունների լրատվությամբ եւ քարոզչությամբ.
բ) էներգաարդյունավետ էներգատեղակայանքների եւ էներգախնայողական ցուցադրական նախագծերի մասին լրատվությամբ.
գ) էներգախնայողական տեխնոլոգիաների, մեքենաների եւ էներգատեղակայանքների ցուցահանդեսների կազմակերպմամբ.
դ) էներգետիկ ռեսուրսների խնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման ազգային անհրաժեշտության եւ նպատակահարմարության քարոզչությամբ:
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 12. Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը
Էներգետիկ փորձաքննության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, կառավարության որոշումներից, ինչպես նաեւ Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ընդունած իրավական այլ ակտերից:
Հոդված 13. Էներգետիկ փորձաքննության իրականացումը
1. Էներգետիկ փորձաքննության նպատակն է եզրակացություն տալ էներգաարդյունավետության փաստացի եւ Ազգային ստանդարտներով սահմանված ցուցանիշների համեմատական մեծությունների վերաբերյալ:
2. Էներգետիկ փորձաքննության իրականացումը կամավոր է, կատարվում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նախաձեռնությամբ ու հաշվին:
Պետական բյուջեի հաշվին իրականացվող նախագծերի էներգետիկ փորձաքննությունն իրականացվում է կառավարության որոշմամբ եւ պատվերով՝ օրենքով սահմանված կարգով:
2. Էներգետիկ փորձաքննությամբ նախատեսված էներգաարդյունավետության ցուցանիշների չափագրումն իրականացնում են «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաները:
Հոդված 14. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերը
1. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման մեթոդները եւ փաստաթղթային ձեւակերպումների կարգը:
2. Էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը՝ Համապատասխանության հավաստման լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է կառավարությունը:
Հոդված 15. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը
1. Էներգետիկ փորձաքննության իրականացումը պարտադիր փաստաթղթավորում է փորձաքննություն իրականացնող անձը՝ էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Էներգետիկ փորձաքննության փաստաթղթավորումը նախատեսում է փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերի, փորձաքննության արդյունքների հիման վրա էներգետիկ փորձաքննության եզրակացության եւ էներգետիկ փորձաքննության հաշվետվության կազմումը:
3. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը չափագրումների արդյունքում պատրաստվող եւ պահպանվող փաստաթղթերն են: Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերն առեւտրային գաղտնիք կազմող փաստաթղթեր են:
4. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունները, էներգետիկ փորձաքննության հաշվետվությունները, էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի աշխատանքային փաստաթղթերը եւ էներգետիկ փորձաքննության անցկացման հետ կապված այլ փաստաթղթեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան էներգետիկ փորձաքննության անցկացմանը հաջորդող հինգ տարիների ընթացքում:
Հոդված 16. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը
1. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք՝ էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձի էներգետիկ տնտեսության (արտադրության տեխնոլոգիական պրոցեսի) եւ (կամ) էներգատեղակայանքներում էներգակիրների արդյունավետ օգտագործման էներգաարդյունավետության ցուցանիշների վերաբերյալ: Էներգետիկ փորձաքննության եզրակացության ձեւին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերով:
2. Էներգետիկ փորձաքննության եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում եւ (կամ) կնքվում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի կողմից: Էներգետիկ փորձաքննության եզրակացության մեկ օրինակը տրվում է էներգետիկ փորձաքննության ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի մոտ:
3. Էներգետիկ փորձաքննության դրական եզրակացությունը հիմք է հանդիսանում սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների տրամադրման համար:
Հոդված 17. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունը
1. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունում կարող են ներառվել տեղեկություններ փորձաքննության ընթացքի, էներգետիկական տնտեսությունում հայտնաբերված սխալների եւ թերությունների, դրանց վերացման, ինչպես նաեւ էներգաարդյունավետության ցուցանիշների բարելավման ուղղությամբ:
2. Էներգետիկ փորձաքննության հաշվետվությունն առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթուղթ է: Այն կազմվում է երկու օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, ստորագրվում է փորձաքննողի ու ստորագրվում եւ (կամ) կնքվում էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձի ղեկավարի կողմից:
Հոդված 18. Էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձանց պատասխանատվությունը
Սույն օրենքի պահանջները խախտելու համար էներգետիկ փորձաքննություն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Միջազգային համագործակցությունը
Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`
ա) էներգաարդյունավետ տեխնոլոգիաների եւ սարքերի պատրաստման փորձի փոխանակումը.
բ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստանդարտների եւ սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչումը.
գ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի տեղեկատվության փոխանակումը.
դ) Հայաստանի Հանրապետության իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասնակցությունը միջազգային էներգախնայողական եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերին.
ե) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի մշակումն ու նախագծերի իրականացումը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 20. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում`
ա) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում է վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների՝ էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանով էլեկտրաէներգետիկական համակարգի հետ համատեղ աշխատանքի պայմանները.
բ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինն առաջարկություն է ներկայացնում կառավարություն` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում անհրաժեշտ լրացումներ կատարելու վերաբերյալ.
գ) կառավարությունը, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում է Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման եւ ընդունում համապատասխան որոշում՝ ուղղված հողահատկացումների եւ այլ անհրաժեշտ թույլատրությունների գործընթացի պարզեցմանը.
դ) էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի կառավարման պետական լիազորված մարմինը, Համապատասխանության հավաստման լիազոր մարմինն առաջարկություն են ներկայացնում կառավարություն` «Նորմատիվ պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սույն օրենքի 13-րդ հոդվածից բխող լրացում կատարելու մասին, ինչպես նաեւ համապատասխան պետական կառավարման այլ մարմինների հետ ապահովում են էներգախնայողության Ազգային ստանդարտների, էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի առաջնահերթ մշակումը եւ սահմանված կարգով հաստատումը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունում է սույն օրենքի 5-րդ հոդվածում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումն ապահովող որոշումներ՝ վերականգնվող էներգետիկայի արագացված զարգացմանը նպաստող սակագնային երկարաժամկետ քաղաքականության կիրառման մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.12.2004
ՀՕ-122