ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 121 -րդ հոդվածով.
«Հոդված 121 . Տեղեկացումը համայնքի ավագանու նիստերի մասին
Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:
Հնարավորության դեպքում այդ տեղեկությունը լրացուցիչ կերպով կարող է տարածվել զանգվածային լրատվության միջոցներով եւ ինտերնետային ցանցի միջոցով:
Ավագանու անդամներին տրամադրված, նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են դռնբաց նիստում, պետք է դրված լինեն համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում:
Անձանց պահանջով նրանց պետք է տրամադրվեն այդ փաստաթղթերի պատճենները` դրա ծախսերը ծածկող վճարի դիմաց:
Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերի հրապարակումները փակցնելու եւ դնելու տեղերը սահմանվում են ավագանու աշխատակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Համայնքի ավագանու անդամը համայնքի ղեկավարի որոշումները ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է պահանջել հրավիրել ավագանու արտահերթ նիստ, եթե համայնքի ղեկավարի որոշումը իր կարծիքով հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին: Այս դեպքում ավագանու նիստ պետք է հրավիրվի այդ մասին պահանջը համայնքի ղեկավարին ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե համայնքի ավագանին գտնի, որ համայնքի ղեկավարի որոշումը (այսուհետ` բողոքարկվող որոշում) հակասում է օրենսդրությանը կամ ավագանու որոշումներին, ապա նա պարտավոր է համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր առարկություններ ու առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով` առաջարկելով համայնքի ղեկավարին փոխելու իր բողոքարկվող որոշումը:
Համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը փոփոխելու մասին համայնքի ավագանու որոշումը համայնքի ղեկավարին հանձնելու պահից համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշման գործողությունը կասեցվում է մինչեւ համայնքի ղեկավարի կողմից դրա քննարկումը, եթե բողոքարկվող որոշումը դեռեւս չի կատարվել, եւ եթե բողոքարկվող որոշման կատարումը հնարավոր է հետաձգել:
Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում պարտավոր է քննարկել համայնքի ավագանու որոշումը եւ դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ համայնքի ավագանու որոշումը չընդունելու մասին: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անմիջապես ուղարկել համայնքի ավագանու անդամներին: Համայնքի ղեկավարի կողմից սույն մասով նշված համապատասխան որոշումներից որեւէ մեկն ընդունելու պահից որոշման կասեցումը դադարեցվում է:
Եթե համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում համայնքի ավագանու որոշման վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում, ապա համայնքի ղեկավարի բողոքարկվող որոշումը համարվում է վերացված:
Համայնքի ղեկավարի որոշումները համայնքի ավագանին կարող է բողոքարկել դատական կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.
«11 ) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին եւ փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.»:
Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 77-րդ հոդվածի 3-6-րդ մասերը։
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71 -րդ գլխով.
«Գլուխ 71 . Վարչական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ
Հոդված 771 . Վարչական հսկողության բովանդակությունն ու սահմանները
Վարչական հսկողությունը տարածվում է համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Համայնքի ղեկավարի սեփական եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանափակվում է` բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականությունը ստուգելով (այսուհետ` իրավական հսկողություն):
Համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը սահմանվում է այդ լիազորությունների իրականացման օրինականությունը, արդյունավետությունն ու միասնականությունը ստուգելու նպատակով (այսուհետ` մասնագիտական հսկողություն):
Համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 772 . Իրավական եւ մասնագիտական հսկողության մարմինները
Իրավական եւ մասնագիտական հսկողություն իրականացնող մարմինները մարզպետներն են, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ), որոնք իրականացնում են իրավական ու մասնագիտական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Մարզպետը իրավական եւ մասնագիտական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան։
Առանձին դեպքերում մարզպետը իրավական հսկողության բարձրագույն մարմնի գրավոր համաձայնությամբ կարող է իրականացնել ամենամյա աշխատանքային ծրագրում չընդգրկված միջոցառումներ։
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաեւ սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր եւ հիմնավորված:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը համայնքում կարող է իրականացնել իրավական հսկողություն համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը սահմանում է կառավարությունը:
Պետության պատվիրակած յուրաքանչյուր լիազորության իրականացման նկատմամբ
մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինը այն պետական մարմինն է, որի իրավասության մեջ է մտնում այդ լիազորությունը:
Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները համայնքում պատվիրակված լիազորությունների նկատմամբ մասնագիտական եւ իրավական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` բարձրագույն իրավական հսկողություն իրականացնող մարմնի գրավոր համաձայնությամբ, նրա կամ մարզպետի պահանջով:
Տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինն արդարադատության նախարարությունն է:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով:
Հոդված 773 . Վարչական հսկողության կանխարգելիչ (պրեւենտիվ) միջոցները
Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով խորհրդատվություն մատուցել նրանց իրենց սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով:
Իրավական եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները պարտավոր են տեղական ինքնակառավարման մարմնի պահանջով, սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների հետ կապված, տալ պաշտոնական պարզաբանումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 774 . Վարչական հսկողություն իրականացնող մարմինների` տեղեկություններ եւ փաստաթղթեր ստանալու իրավունքը
Մարզպետը, իրավական հսկողության բարձրագույն մարմինը, ինչպես նաեւ սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները իրավասու են ծանոթանալու տեղական ինքնակառավարման մարմիններում հսկողության ոլորտին առնչվող փաստաթղթերին: Նրանք կարող են այցելել տեղական ինքնակառավարման մարմիններ, համայնքին պատկանող բոլոր հաստատությունները, ստուգել նրանց գործողությունների եւ անգործության իրավաչափությունը, ինչպես նաեւ պահանջել դրանց հետ կապված փաստաթղթեր:
Իրավական հսկողության բարձրագույն մարմինը եւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները սույն օրենքի 772 -րդ հոդվածով նախատեսված դեպքերում համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների եւ համայնքի ավագանու լիազորությունների իրականացման օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում են սույն օրենքով եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 775 . Վարչական հսկողություն իրականացնելիս կիրառվող միջամտող միջոցառումները
Համայնքի ավագանու` օրենսդրությանը հակասող որոշումները փոփոխելու համար մարզպետը համայնքի ղեկավարին առաջարկում է այդ հարցով եռօրյա ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ։
Մարզպետի պահանջով հրավիրվող նիստում որոշումը չփոփոխելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում մարզպետն իրավունք ունի որոշումը բողոքարկելու դատական կարգով:
Համայնքի ղեկավարի` օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումները փոփոխելու նպատակով մարզպետն իրավունք ունի դիմելու համայնքի ղեկավարին:
Մարզպետի դիմումն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, համայնքի ղեկավարը պարտավոր է քննարկել մարզպետի դիմումը եւ դրա վերաբերյալ կայացնել իր բողոքարկվող որոշումը օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին համապատասխանեցնելու կամ մարզպետի դիմումը չընդունելու մասին որոշում: Իր որոշումը համայնքի ղեկավարը պարտավոր է անհապաղ ուղարկել մարզպետին: Եռօրյա ժամկետում համայնքի ղեկավարի կողմից բողոքարկվող որոշումն օրենսդրությանը կամ համայնքի ավագանու որոշումներին չհամապատասխանեցնելու դեպքում մարզպետը կարող է բողոքարկվող որոշումն անվավեր ճանաչելու հայցով դիմել դատարան:
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում մարզպետն իրավունք ունի նրանց առաջարկելու իր սահմանած ժամկետում վերացնել խախտումները: Իր սահմանած խելամիտ ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում մարզպետն իրավունք ունի դիմելու դատարան` տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, կամ համայնքին` պարտավորեցնելու համապատասխան գործողություն կատարելու համար:
Եթե տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով ուղղակի վտանգ է սպառնում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին, ապա մարզպետը վերահսկողության ընթացքում կամ համապատասխան ահազանգ ստանալու դեպքում պարտավոր է իր միջոցներով վերացնել այդ վտանգը` նախօրոք այդ մասին ծանուցելով տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնին: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատի տվյալ բնագավառի լիազոր մարմինը:
Սույն մասով մարզպետի կատարած աշխատանքները պետք է հատուցվեն համայնքի միջոցներից այն չափով, որքանով դրանք կլինեն համաչափ եւ չեն գերազանցի վտանգը չվերացնելու դեպքում պատճառվելիք գույքային վնասի չափը:
Մարզպետը, ինչպես նաեւ մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները` որպես մասնագիտական հսկողություն իրականացնող մարմին, իրավունք ունեն համայնքի ղեկավարին գրավոր ցուցումներ տալու նաեւ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ձեւի եւ բովանդակության վերաբերյալ: Այդ ցուցումը կարող է տրվել ինչպես առանձին համայնքի ղեկավարին, այնպես էլ բոլոր համայնքների ղեկավարներին:
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, ինչպես նաեւ սույն օրենքի 772 -րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքում մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների կողմից կիրառվող բոլոր միջամտող միջոցառումները պետք է լինեն գրավոր եւ հիմնավորված:
Հոդված 776 . Վարչական հսկողության միջոցառումների բողոքարկումը
Մարզպետի, իրավական հսկողության բարձրագույն մարմնի, մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինների գործողությունը կամ անգործությունը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կարող են բողոքարկվել դատարան:»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
24.06.2005
ՀՕ-135