ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի) 315-րդ եւ 316-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 315. Դատական նիստի արձանագրումը
1. Առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաեւ դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
2. Դատական նիստի դահլիճում ձայնագրման համակարգ տեղադրված լինելու դեպքում արձանագրությունը վարվում է դատական նիստի ձայնային արձանագրման եւ համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: Համառոտագրումը դատական նիստերի դահլիճում կատարվող գործողությունների մասին նշումներն են: Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի շահագործման, տվյալների արխիվացման եւ համակարգի պահպանության մանրամասն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
3. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգի բացակայության դեպքում կամ դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս արձանագրությունը վարվում է պարզ թղթային արձանագրման եղանակով:
4. Դատական նիստի պարզ թղթային եղանակով վարվող արձանագրությունում նշվում են`
1) դատական նիստի վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը.
2) դատական նիստը սկսելու եւ ավարտելու ժամը.
3) քննվող գործը.
4) գործը քննող դատարանի անվանումը եւ կազմը, քարտուղարը, թարգմանիչը, մեղադրողը, պաշտպանը, ամբաստանյալը, ինչպես նաեւ տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը, նրանց ներկայացուցիչները, դատարանի կողմից կանչված այլ անձինք, եթե նրանք ներկա են.
5) ամբաստանյալի անձին վերաբերող տվյալները եւ խափանման միջոցը.
6) դատարանի գործողություններն այն կարգով, ինչ կարգով դրանք տեղի են ունեցել.
7) գործին մասնակցող անձանց հայտարարություններն ու միջնորդությունները.
8) դատարանի այն որոշումները, որոնք կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու.
9) հիշատակություն` որոշումները խորհրդակցական սենյակում կայացված լինելու մասին.
10) գործին մասնակցող անձանց իրավունքների եւ պարտականությունների պարզաբանումը.
11) ցուցմունքների բովանդակությունը.
12) փորձագետին տրված հարցերը եւ նրա պատասխանները.
13) ապացույցներ հավաքելու ուղղությամբ դատական նիստում կատարված զննությունների եւ այլ գործողությունների արդյունքները.
14) այն փաստերը, որոնց մասին գործին մասնակցող անձինք միջնորդել են հավաստագրել արձանագրության մեջ.
15) դատական վիճաբանությունների եւ ամբաստանյալի վերջին խոսքի համառոտ բովանդակությունը.
16) տեղեկություններ` դատավճռի հրապարակման եւ դրա բողոքարկման կարգի ու ժամկետների պարզաբանման մասին.
17) տեղեկություններ` դատական նիստի դահլիճում կարգի խախտման եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստերի եւ խախտողի անձի, ինչպես նաեւ դատարանի կողմից նրա նկատմամբ կիրառված ներգործության միջոցների մասին.
18) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցներին արձանագրության հետ ծանոթանալու եւ դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու իրավունքները պարզաբանելու վերաբերյալ.
19) առանձին դատական ակտի տեսքով ձեւակերպվող որոշումների բովանդակությունը.
20) վերջնական դատական ակտի եզրափակիչ մասը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 7-րդ, 8-րդ եւ 11-20-րդ կետերով նախատեսված տեղեկությունները դատական նիստերի քարտուղարը արձանագրում է բառացիորեն:
6. Արձանագրությունը վարում է դատական նիստի քարտուղարը:
7. Պարզ թղթային արձանագրությունը նիստի ժամանակ վարվում է գրավոր կամ համակարգչի միջոցով: Այն գործի նյութերին կցվում է` հավաստված նախագահող դատավորի եւ քարտուղարի ստորագրությամբ:
8. Հատուկ համակարգչային ձայնագրման համակարգով արձանագրություն վարելիս դրա համառոտագրումըկատարվում է միաժամանակ` համակարգչային եղանակով: Ձայնային արձանագրությունը գործի նյութերին կցվում է լազերային կրիչի վրա: Համառոտագրումը գործի նյութերին կցվում է թղթային կրիչի վրա` հավաստված դատական նիստի քարտուղարի ստորագրությամբ:
9. Դատական նիստի արձանագրության համակարգչային արձանագրման կրիչի օրինակը` դրա համառոտագրման հետ, գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է դատական նիստից անմիջապես հետո:
10. Դատական նիստի պարզ թղթային եղանակով արձանագրման դեպքում գրավոր արձանագրության պատճենը գործին մասնակցող անձանց գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
Հոդված 316. Դիտողությունները պարզ գրավոր ձեւով վարվող արձանագրության վերաբերյալ
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը եւ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում էարձանագրությունը ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում:
3. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հոկտեմբերի 1-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.08.2005
ՀՕ-147