Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ (ՎԱՎԵՐԱԳՐԵՐԻ) ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.10.2005

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է փաստաթղթերի (վավերագրերի) (այսուհետ՝ փաստաթղթեր) բոլոր տեսակի հրատարակությունների, էլեկտրոնային հրապարակումների եւ չհրատարակված նյութերի առաքման, մշտական պահպանության, վիճակագրական հաշվառման, մատենագիտության կազմման եւ ազգային ժառանգության հանրային օգտագործման առնչությամբ ծագող իրավական եւ ֆինանսատնտեսական հարաբերությունները։

Հոդված 2. Պարտադիր  օրինակի մասին օրենսդրությունը

Պարտադիր օրինակի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից եւ իրավական  նորմատիվ ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

փաստաթուղթ՝ պահպանության եւ հանրային  օգտագործման համար ժամանակի եւ տարածության մեջ փոխանցման ենթակա տեղեկություն պարունակող տեքստային, պատկերային, տեսաշարային եւ(կամ) ձայնաշարային եւ այլ նյութական կրիչ.

օրինակ՝ պատրաստված փաստաթղթի նմուշ, որը նույնական է բնօրինակին.

փաստաթղթերի պարտադիր օրինակ (այսուհետ՝ պարտադիր օրինակ)՝ հրատարակված, հրապարակված, թողարկված, պատրաստված (այսուհետ՝ պատրաստված) տարբեր տեսակի փաստաթղթերի օրինակներ, որոնք պատրաստողները սույն օրենքով սահմանված կարգով ու քանակով հատկացնում են  փաստաթղթեր ստացողներին.

պարտադիր անվճար օրինակ՝ պարտադիր օրինակներ, որոնք պատրաստողները հատկացնում են անհատույց.

պարտադիր վճարովի օրինակ՝ պարտադիր օրինակներ, որոնք պատրաստողները հատկացնում են հատուցման պայմանով.

փաստաթղթեր պատրաստող՝ անկախ սեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից՝ իրավաբանական անձ, հիմնարկ, իսկ կամավորության սկզբունքով նաեւ ֆիզիկական անձ, որը պատրաստում, հրատարակում եւ հատկացնում է պարտադիր  օրինակ. (հրատարակիչը, զանգվածային լրատվության միջոցի խմբագրությունը, տեսաձայնաշարային արտադրանք պատրաստողը, հեռուստառադիոհաղորդումներ թողարկող (արտադրող, հեռարձակող) կազմակերպությունները, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները եւ այլ անձինք, որոնք իրականացնում են փաստաթղթերի պարտադիր  օրինակի պատրաստումը, հրատարակումը, բազմացումը եւ հատկացումը (փոխանցումը, առաքումը, այսուհետ՝  հատկացում).

փաստաթղթեր ստացող՝ անհատույց կամ հատուցման պայմանով պարտադիր օրինակը ստանալու, հաշվառելու, պահպանելու եւ դրանց հանրային օգտագործումը կազմակերպելու իրավասությամբ օժտված իրավաբանական անձ.

Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածու՝ պարտադիր օրինակների բոլոր տեսակների հավաքածու, ինչպես նաեւ այդ օրինակների վերաբերյալ կազմված մատենագիտական տեղեկատվության շտեմարանների հավաքածու, որը նախատեսված է մշտական պահպանության եւ հանրային օգտագործման համար.

Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը տարածվում է պարտադիր օրինակ պատրաստող, հաշվառող, հատկացնող, ստացող  եւ պահպանող կազմակերպությունների  վրա։

2. Պարտադիր օրինակի հատկացման վերաբերյալ սույն օրենքի պահանջը տարածվում է  Հայաստանի Հանրապետությունում պատրաստված  փաստաթղթերի վրա, բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասում ամրագրված դեպքերի, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում պատրաստված ցանկացած փաստաթղթի վրա, որը պատրաստվել է Հայաստանի  Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց պատվերով։

3. Սույն օրենքը  չի տարածվում՝

ա) անձնական եւ ընտանեկան գաղտնիք պարունակող փաստաթղթերի.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական, ծառայողական, վիճակագրական, առեւտրային  կամ  բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերի.

գ) մեկ օրինակից ստեղծված փաստաթղթերի.

դ) արխիվային փաստաթղթերի (նյութերի), բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

ե) բացառապես ցանցային համակարգի միջոցով տարածվող էլեկտրոնային փաստաթղթերի.

զ) գործավարական եւ տեխնիկական փաստաթղթերի (ձեւաթղթեր, հաշվետվությունների եւ հաշվառումների գրանցամատյաններ, ուղեցույցներ, շահագործման հրահանգներ եւ այլն).

է) ռազմական բնույթի տեխնիկական փաստաթղթերի,  ձեւաթղթերի եւ հաշվապահա՟կան հաշվառման համար նախատեսված փաստաթղթերի վրա:

4. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին պատկանող փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանման եւ հանրային օգտագործման գործառույթները կարգավորվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Հոդված 5. Պարտադիր  օրինակի հաշվառման եւ պահպանման  նպատակները

1. Պարտադիր անվճար օրինակի հաշվառման եւ պահպանման նպատակներն են՝

ա) Հայաստանի Հանրապետության ազգային գրադարանային-տեղեկատվական հավաքածուի փաստաթղթերի ամբողջական համալրումը՝ որպես ազգային եւ համաշխարհային մշակութային ժառանգության մաս, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական պաշարների համալրումը.

բ) պետական մատենագիտական հաշվառման իրականացումը.

գ) փաստաթղթերի մշտական պահպանության կազմակերպումը.

դ) դրանց օգտագործումը սպառողների տեղեկատու-մատենագիտական եւ գրադարանային սպասարկման կազմակերպման համար.

ե) Հայաստանի Հանրապետությունում պատրաստվող փաստաթղթերի պետական գրանցումը (մատենագիտական եւ վիճակագրական), պետական մատենագիտական (ընթացիկ եւ հետադարձ) եւ վիճակագրական տեղեկատվության պատրաստումը.

զ) համահավաք քարտարանի, ազդօրինակային եւ սեղմագրային տեղեկատվության պատրաստումը եւ հրապարակումը.

է) բոլոր տեսակի փաստաթղթերի մասին հանրային  տեղեկատվության  ապահովումը.

ը) միջազգային գրքափոխանակության աջակցումը եւ իրականացումը:

2. Պարտադիր  վճարովի  օրինակի հաշվառման եւ պահպանման նպատակներն են՝

ա) գրադարանների, գիտատեխնիկական եւ այլ կազմակերպությունների կողմից տեղեկատվական  հավաքածուների համալրումը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում պատրաստված փաստաթղթերով.

բ) պարտադիր օրինակի պարբերաբար բաշխումը (տարածումը) Հայաստանի Հանրապետության տարածքում  փաստաթղթեր ստացողների միջեւ.

գ) փաստաթղթերի ամբողջական եւ ժամանակին փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) որոշած համապատասխան ստացողներին։

Հոդված 6. Փաստաթղթերի  պարտադիր օրինակի տեսակները

1. Պարտադիր օրինակ համարվող  փաստաթղթերի տեսակներն են՝

ա) ելից տվյալներ ունեցող, խմբագրահրատարակչական մշակման ենթարկված եւ պոլիգրաֆիական ինքնուրույն ձեւավորմամբ  պարբերական եւ ոչ պարբերական հրատարակությունները (տեքստային, նոտագրական, քարտեզագրական եւ պատկերահրատարակային).

բ) կույրերի եւ թույլ տեսնողների համար նախատեսված հրատարակությունները՝  Բրայլի համակարգով ստեղծված ուռուցիկ-կետավոր եւ ուռուցիկ-գծագրական հրատարակությունները, «խոսող գրքերը», մեծածավալ տառատեսակով (թույլ տեսնողների համար)  եւ էլեկտրոնային (կույրերի համար) հրատարակությունները.

գ) պաշտոնական փաստաթղթերը՝  օրենսդիր, գործադիր մարմինների ընդունած եւ պաշտոնապես հրապարակված փաստաթղթեր, որոնք ունեն նորմատիվ կամ տեղեկատվական բնույթ.

դ) տեսալսողական արտադրանքը՝ լուսանկարչական, տեսաշարային, ձայնաշարային, տեսաձայնաշարային տարաբնույթ թողարկումները (կինո-, տեսա-, ձայնա- եւ ֆոտոթողարկման նյութերը), որոնք ստեղծված եւ վերարտադրված են ցանկացած տեսակի նյութական կրիչի վրա (ձայներիզ, տեսաերիզ, ձայնապնակ, պնակիտ, խտասալիկ եւ այլն).

ե) էլեկտրոնային հրատարակումները՝ հաշվողական տեխնիկայի ծրագրեր, ինչպես նաեւ ելից տվյալներ ունեցող էլեկտրոնային փաստաթղթեր, որոնք պատրաստվում եւ տարածվում են համապատասխան կրիչներով.

 զ) չհրատարակված փաստաթղթերը՝  գիտահետազոտական, փորձարարա-կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների արդյունք պարունակող   փաստաթղթեր (ատենախոսություններ, գիտահետազոտական, փորձարարա-կոնստրուկտորական եւ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, ավանդադրված գիտական աշխատանքներ, ալգորիթմներ եւ ծրագրեր).

է) արտոնագրային փաստաթղթերը՝  արտոնագրված եւ հրատարակված հայտերով արդյունաբերական սեփականության օբյեկտների լրիվ նկարագրություններ,  արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին հրապարակվող տեղեկությունների պաշտոնական տեղեկագրեր։

ԳԼՈՒԽ 2

ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Պարտադիր անվճար օրինակի հրատարակման եւ  հատկացման  ծախսերը

1. Փաստաթղթեր պատրաստողները պարտավոր են լիազորված մարմնին անհատույց տրամադրել պարտադիր անվճար օրինակը։ Պարտադիր անվճար օրինակի փաստաթղթերի պատրաստման, հրատարակման եւ  հատկացման (առաքման) ծախսերը ներառվում են ինքնարժեքի մեջ։

2. Պարտադիր անվճար անորակ օրինակները փաստաթղթեր պատրաստողը փոխարինում է ստացողի հարցումը ստանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում։

3. Եթե թողարկված փաստաթղթերի մի մասը պատրաստված է առավել որակյալ տարբերակով (թղթի, ձայնագրության եւ(կամ) տեսագրության որակի, կազմի, ձեւավորման եւ այլ ցուցանիշների առումներով), ապա պարտադիր անվճար օրինակները հատկացվում են թողարկման այդ մասից։

Հոդված 8. Տպագիր արտադրանք պատրաստողների եւ լիազոր մարմնի պարտականությունները պարտադիր անվճար օրինակի հատկացման  գործում

1. Տպագիր արտադրանք պատրաստողները իրենց պատրաստած փաստաթղթերի բոլոր տեսակների տպաքանակի (անկախ քանակից) առաջին խմբաքանակից հնգօրյա ժամկետում, իսկ օտար երկրներում իրականացված հրատարակությունները, սկսած  Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու  օրվանից, լիազորված մարմնին են փոխանցում սույն օրենքով սահմանված պարտադիր անվճար օրինակ համարվող փաստաթղթերի տեսակները՝   6 օրինակից ոչ պակաս։

Հայաստանի Հանրապետությունում տպագրված լրատվության միջոցների պարտադիր օրինակների հատկացումը իրականացվում է «Զանգվածային լրատվության միջոցների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

2. Անկախ պատրաստված փաստաթղթի քանակից եւ տեսակից՝ բոլոր տեսակի փաստաթղթերը լիազորված մարմինը յոթնօրյա ժամկետում հատկացնում  է՝

ա) երկու պարտադիր անվճար օրինակ՝  Հայաստանի ազգային գրապալատին.

բ) երկու  պարտադիր անվճար օրինակ՝   Հայաստանի ազգային գրադարանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերի անվճար օրինակի բաշխման կազմակերպման կարգի համաձայն՝ լիազորված մարմինը, ըստ փաստաթղթերի համապատասխան տեսակների, մնացած օրինակները հատկացնում  է՝

ա) Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանին կամ

բ) Գիտատեխնիկական լրատվության կենտրոնին  կամ

գ) Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին  կամ

դ) Երեւանի մշակույթի տան Բրայլյան գրադարանին կամ

ե) 6 պարտադիր օրինակից ավելին  ստանալու  կամ վճարովի պարտադիր օրինակ ձեռք բերելու դեպքում՝ մեկական պարտադիր անվճար օրինակ՝ մարզային (Հայաստանի Հանրապետության վարչական միավորումների) համապատասխան գրադարաններին.

զ)  օրենսդրությամբ սահմանված այլ համապատասխան կազմակերպությունների։

4.  Պետական   պատվերի   շրջանակներում,   ինչպես   նաեւ   պետական կառավարչական հիմնարկների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների կողմից պետական բյուջեից տրված հատկացումներով իրականացված հրատարակությունների (ներառյալ՝ պաշտոնական հրատարակությունները) պարտադիր անվճար օրինակի հատկա՟ցումը, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասում նշված կազմակերպությունների, կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

5. Պարտադիր օրինակ պատրաստող անձինք առնվազն տարին մեկ անգամ լիազորված մարմնին ներկայացնում են հաղորդում նախորդող ժամանակահատվածի իրենց պատրաստած փաստաթղթերի, թողարկումների,  հրատարակությունների եւ  հրապարակումների վերաբերյալ, որն էլ պարտավորվում է դրանք տպագրել տեղեկատուի տեսքով։

6. Լիազորված մարմինը պարտադիր վճարովի օրինակներով կարող է համալրել համապատասխան գրադարանների, կազմակերպությունների հավաքածուները։

Հոդված 9. Պարտադիր օրինակների  հատկացումը պայմանագրերի համաձայն

Տեղեկատվության փոխանակության նպատակով, Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերի, այլ պայմանավորվածությունների համաձայն, կարող է Հայաստանի Հանրապետությունում պատրաստված փաստաթղթերի պարտադիր օրինակներ հատկացվել օտարերկրյա պետությունների համապատասխան կազմակերպություններին։

Հոդված 10. Չհրատարակված փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակի հատկացումը

1. Փաստաթղթեր պատրաստողները 30 օրվա ընթացքում լիազորված մարմնին են հատկացնում հետեւյալ չհրատարակված փաստաթղթերի երկու պարտադիր անվճար օրինակ.

ա) գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների մասին հաշվետվությունները՝ սկսած դրանց հաստատման օրվանից.

բ) ալգորիթմները եւ ծրագրերը՝ սկսած դրանց իրականացման ժամկետը լրանալու օրվանից.

գ) ատենախոսությունները` սկսած մասնագիտական խորհրդի կողմից դրանց հաստատման օրվանից։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն՝ լիազորված մարմինը չհրատարակված փաստաթղթերի մեկական պարտադիր անվճար օրինակ է հատկացնում համապատասխան կազմակերպություններին՝ հիմք ընդունելով  դրանց տեսակը եւ  մասնագիտական ուղղությունը։

Հոդված 11. Տեսալսողական արտադրանքի պարտադիր անվճար օրինակի հատկացումը

1. Տեսալսողական փաստաթղթերը հաշվառելու, պահպանելու եւ օգտագործելու նպատակով դրանց պատրաստողները լիազորված մարմնին են հատկացնում՝

ա) հնչյունագրերի եւ տեսաֆիլմերի երեք պարտադիր անվճար օրինակ պատրաստումից  հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում.

բ) ձայնա- եւ կինոարտադրանքների երեւակված պատճենները, ինչպես նաեւ էլեկտրոնային կրիչի վրա տեղադրված  տեսա- եւ (կամ) ձայնաշարային արտադրանքի երկուական  պարտադիր անվճար օրինակ՝ եթեր դուրս գալու պահից սկսած՝ մեկ ամսյա ժամկետում.

գ) խաղային, թվային, գիտահանրամատչելի ֆիլմերի մեկական անվճար օրինակի երեւակված պատճենները, ինչպես նաեւ ցանկացած տիպի կրիչներով՝ խաղային, թվային, գիտահանրամատչելի տեսաֆիլմերի բնօրինակների մեկական անվճար օրինակ  մոնտաժման աշխատանքների  ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում.

դ) վավերագրական ֆիլմերի եւ կինոամսագրերի մեկական անվճար օրինակի երեւակված պատճենները, ինչպես նաեւ վավերագրական մեկական տեսաֆիլմերի եւ լուսագրական փաստաթղթերի բնօրինակների երկուական պարտադիր անվճար օրինակներ մոնտաժման աշխատանքների  ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում.

ե) հնչյունային արտադրանքի (ֆոնոպրոդուկցիայի) երկուական պարտադիր անվճար օրինակ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ստեղծվել  են  հեռուստառադիոհաղորդումների համար։

2. Երեւակված պատճենները փոխանցվում են մոնտաժային կամ տրամախոսական թերթերի հետ միասին: Կինո- եւ տեսաֆիլմերի վարձութային վկայականները տրվում են դրանք ստացողներին   հանձնելուց հետո:

3. Եթեր դուրս գալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հեռուստատեսային եւ ռադիոծրագրերի պետական ֆոնդ են հանձնվում հեռուստառադիոհաղորդումներ արտադրող եւ հեռարձակող  կազմակերպությունների  հաղորդումները (ծրագրերը), ինչպես նաեւ իրենց պատվերով արտադրված հաղորդումները (ծրագրերը):

Հոդված12. Էլեկտրոնային հրատարակության անվճար օրինակի պարտադիր հատկացումը

1. Լիազորված մարմինը էլեկտրոնային հրատարակությունների մեկական անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի գիտատեխնիկական լրատվության կենտրոնին։

Անընդհատ համալրվող տվյալների բազաները հատկացվում են առանձին մասերով, որոշակի պարբերականությամբ՝ ըստ համալրման։

2. Լիազորված  մարմինը գրադարանային-տեղեկատվական կազմակերպություն-ների միջեւ վերաբաշխելու նպատակով էլեկտրոնային հրատարակության երկու անվճար օրինակ է հատկացնում Հայաստանի ազգային գրադարանին, բացառությամբ կույր կամ թույլ տեսնող անձանց համար նախատեսված էլեկտրոնային հրատարակությունների, ինչպես նաեւ հաշվողական տեխնիկայի  ծրագրերի եւ տվյալների բազայի, էլեկտրոնային կրիչների վրա տեղադրված տեսաձայնաշարային արտոնագրված փաստաթղթերի։

Հոդված 13. Տարբեր նյութական կրիչների վրա կատարված փաստաթղթերի պարտադիր օրինակի հատկացումը

1. Պարտադիր օրինակը կարող է ներառել նաեւ համակցված փաստաթղթերը՝ տարբեր նյութական կրիչների վրա թողարկված փաստաթղթերի ամբողջությունը (տպագիր, տեսաձայնաշարային, էլեկտրոնային), նմանօրինակ բովանդակություն պարունակող, սակայն տարբեր նյութական կրիչների վրա տպված փաստաթղթերը։

Համակցված փաստաթղթերի պարտադիր օրինակը մեկ ամբողջական փաթեթով պետք է  հատկացվի  համապատասխան պարտադիր օրինակ ստացողին՝ համաձայն սույն օրենքի  8-13-րդ հոդվածների։

2. Եթե էլեկտրոնային հրատարակումը համարվում է տպագիր հրատարակման հավելված, ներդիր, ապա այն առաքվում է տպագիր հրատարակման համար սահմանված քանակով եւ ընթացակարգով։

3. Համակցված փաստաթղթերի, ինչպես նաեւ նմանօրինակ բովանդակություն պարունակող, սակայն տարբեր նյութական կրիչների վրա տպված փաստաթղթերի բաշխման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 14. Պարտադիր անվճար օրինակ պատրաստողի իրավունքները

Պարտադիր անվճար օրինակները ամբողջական եւ ժամանակին հատկացնող  փաստաթղթեր պատրաստողներն ունեն հետեւյալ իրավունքները.

ա) անվճար ստանալ Հայաստանի Հանրապետությունում միջազգային գրանցման համարանիշերը, ինչպես նաեւ անվճար օգտվել միջազգային այլ գործակալությունների հայաստանյան  մասնաճյուղերի բոլոր ծառայություններից.

բ) լիազորված մարմնի աջակցությամբ հրապարակել անվճար մատենագիտական տեղեկատվություն՝ պետական մատենագիտության եւ կենտրոնացված քարտագրացուցակավորման հրատարակություններում, ինչպես նաեւ  ազդօրինակային, սեղմագրային եւ գովազդային հրատարակություններում.

գ) մատենագիտական տեղեկատվության ներառում հայրենական եւ միջազգային ավտոմատացված տվյալների շտեմարաններում.

դ) իրենց հարցումների հիման վրա սեփական հրատարակությունների վերաբերյալ փաստագրական եւ վիճակագրական տվյալների մասին տեղեկատվության անվճար տրամադրում.

ե) պարտադիր անվճար օրինակ ստացողների կողմից հեղինակային իրավունքի պահպանումը սահմանված կարգով.
զ) անվճար ստանալ ցանկացած տեղեկատվություն՝ ստացողների հավաքածուներում առկա բոլոր հրատարակությունների, ինչպես նաեւ անվճար օգտվել դրանց վերաբերյալ հրատարակված վիճակագրական մատենագիտական տեղեկություններից.

է) ստանալ օրենքով սահմանված այլ իրավունքներ։
 


ԳԼՈՒԽ 3

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՆՎՃԱՐ ՕՐԻՆԱԿ ՍՏԱՑՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 15. Պարտադիր օրինակը ստացող եւ դրանց հաշվառումը, պահպանումը եւ սպասարկումն իրականացնող կազմակերպությունների պարտականությունները

1. Պարտադիր օրինակը ստացող, հաշվառող, պահպանող եւ սպասարկող կազմակերպությունները (կամ մարմինները) պարտավոր են իրականացնել՝

ա) հրատարակությունների պետական գրանցումը (մատենագիտական եւ վիճակագրական) եւ հաշվառումը, պետական գրանցման թերթիկների նախապատրաստումը, պետական (ազգային) մատենագիտության կազմումը եւ էլեկտրոնային մատենագիտության ավանդադրման նախապատրաստումը (հեռանկարային, ընթացիկ, հետադարձ), հանրային  հրատարակությունների ազգային անձեռնմխելի հավաքածուի համալրումը, դրանց մշտական պահպանության եւ օգտագործման ապահովումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) հրատարակությունների մասին համալիր տեղեկատվություն տարածելու նպատակով մատենագիտական տեղեկատվության պարբերական ցանկերի եւ ժողովածուների (ընթացիկ եւ հետադարձ), ազդօրինակային եւ սեղմագրային տեղեկատվության կազմումը եւ հրատարակումը.

գ) պարտադիր անվճար օրինակի հիման վրա ձեւավորված հայրենական պարբերական մամուլի եւ գրականության հրատարակությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների կազմումը եւ հրատարակումը:

2. Պարտադիր անվճար օրինակ ստացող մյուս հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են իրականացնել՝

ա) համապատասխան պարտադիր անվճար օրինակի հավաքածուի ձեւավորումը, հաշվառումը եւ հետագա համալրումը.

բ) մատենագիտական հաշվառումը.

գ) մշտական պահպանումը, օգտագործումը, օգտվողների  (այցելուների) սպասարկումը։

Հոդված 16. Պարտադիր օրինակի պատճենումը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ կազմակերպությունների գրադարանային-տեղեկատվական սպասարկման կազմակերպման նպատակով պարտադիր օրինակի պատճենումը եւ բազմացումը կատարվում են «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։

2.  Չհրապարակված փաստաթղթերի եւ տեսաձայնաշարային արտադրանքի պարտադիր անվճար օրինակի մշտական պահպանությունն ու օգտագործումն իրականացնող կազմակերպությունները համապատասխան գրադարանների եւ կազմակերպությունների հայտի (պահանջի) դեպքում վճարովի հիմունքներով  ապահովում  են դրանց  պատճենումը՝ սույն հոդվածի առաջին մասի պահանջների համաձայն։

Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի պահանջների խախտումը  առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

Ստացված պարտադիր օրինակի մատենագիտական նկարագրության, գրացուցակներում դրանց ներառման, օգտագործման եւ պահպանության համար գրադարանները կրում են պարտավորություններ եւ պատասխանատու են համաձայն սույն օրենքի, «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ օրենքների ու նորմատիվ ակտերի, ինչպես նաեւ էլեկտրոնային հրատարակման համար լիցենզային պայմանագրով սահմանված դրույթների։

ԳԼՈՒԽ 4

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ  օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

02.11.2005
ՀՕ-186


21.01.2020 «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին