ՕՐԵՆՔԸ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ 1.Ընդհանուր դրույթներ Գլուխ 2.Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում իրականացնող պետական կառավարման մարմինների իրավասությունները Գլուխ 3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության նպատակները, խնդիրները ու լիազորությունները Գլուխ 4. Տեսչության կառուցվածքը, տեսուչների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը Գլուխ 5. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացի իրականացման կարգը Գլուխ 6. Եզրափակիչ դրույթ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի, ուսուցման, գնահատման, ինչպես նաեւ կրթության կազմակերպման կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները հանրակրթության եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության բնագավառում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) խնդիրները եւ լիազորությունների շրջանակը:
Հոդված 2. Տեսչության մասին օրենսդրությունը
Տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
պետական կրթակարգ` կրթության բնագավառում քաղաքականության միասնականությունը, կրթության որակի բարելավումը, նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր եւ հատուկ ընդհանուր կրթության առարկայական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, ուսուցիչներին ներկայացվող հիմնական պահանջներն ապահովող նորմատիվ փաստաթուղթ.
կրթական ծրագրերի տեսչավորում` հանրակրթության եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման որակի ապահովման եւ վերահսկողության գործընթաց:
Հոդված 4. Տեսչության գործունեության հիմնական սկզբունքները
Տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են՝
1) մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առաջնահերթությունը.
2) գործունեության օրինականությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը.
3) կրթության բնագավառի օրենսդրության միատեսակ եւ անկողմնակալ կիրառման ապահովումը.
4) ծրագրային գործողությունների իրականացումը՝ ըստ գերակա ուղղությունների եւ առաջնայնությունների.
5) կրթության որակի ապահովումը տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ուսումնական հաստատությունների հետ համագործակցելու եւ օժանդակելու միջոցով:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացն իրականացնող պետական կառավարման մարմինները
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացն իրականացնող պետական կառավարման մարմիններն են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
Հոդված 6. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացումՀայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) կրթության բնագավառի օրենսդրության եւ այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքականության իրականացման ուղղությունների սահմանումը.
2) տեսչության կանոնադրության եւ կառուցվածքի հաստատումը.
3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման եւ հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը:
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ:
Հոդված 7. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազորված մարմնի իրավասությունները
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազորված մարմնի իրավասություններն են՝
1) կրթության բնագավառի օրենսդրության պահպանման միասնական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.
2) կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
3) տեսչության գործունեության առաջնահերթ ուղղությունների որոշումը.
4) տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը, գնահատումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
5) տեսչության աշխատանքների համակարգումը եւ կրթական հաստատությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը կանոնակարգող իրավական ակտերի մշակման ապահովումը, իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը:
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում լիազոր մարմինն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ իրավասություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 8. Տեսչության նպատակներն ու խնդիրները
1. Տեսչության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման ապահովմանը նպաստելը.
2) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովմանն աջակցելը:
2. Տեսչության խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման եւ կրթության զարգացման պետական ծրագրի կատարման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը.
2) կրթակարգերի եւ կրթական չափորոշիչների կիրառման վերահսկողության եւ մշտադիտարկման իրականացման ապահովումը.
3) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ հաշվետվությունների ներկայացման ապահովումը.
4) ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման եւ կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը.
5) կրթության որակի եւ չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի բացահայտման եւ դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը.
6) ուսումնական հաստատություններին կրթության կազմակերպման եւ որակի բարելավման ուղղությամբ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը.
7) ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը.
8) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը:
Հոդված 9. Տեսչության լիազորությունները
Տեսչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետեւյալ լիազորությունները.
1) ստուգում եւ ուսումնասիրում է նախադպրոցական, տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կրթական գործունեությունը՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից եւ ենթակայությունից, այդ թվում՝
ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների եւ աոարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանումը,
բ) սովորողների եւ շրջանավարտների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը,
գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան՝ սովորողների շարժը,
դ) ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը եւ բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը,
ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը,
զ) լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը,
է) ուսումնական հաստատությունների ղեկավար եւ մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաեւ վերապատրաստման, որակավորման բարձրացման եւ վերաորակավորման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,
ը) կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը,
թ) հանրակրթական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա ինքնավերլուծության գնահատումը եւ հրապարակման ապահովումը.
2) գնահատում է ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական եւ նախնական մասնագիտական ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ, ինչպես նաեւ վերահսկում է դրանց իրականացումը.
3) ներկայացնում է հաշվետվություն լիազորված մարմին՝ կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին (ընդհանուր եւ ըստ մարզերի).
4) լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը.
5) համապատասխան հանձնարարականի դեպքում ուսումնասիրում եւ ստուգում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները.
6) տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր, զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր եւ այլն.
7) վերահսկում եւ ուսումնասիրում է տարածքային կառավարման մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ կրթության հարցերով ստորաբաժանումների գործունեության համապատասխանությունը կրթության բնագավառի օրենսդրությանը եւ համագործակցում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
8) կազմում է հաշվետվություններ իր (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.
9) տեսչավորման աշխատանքներին մասնակից է դարձնում կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Հոդված 10. Տեսչության գործունեության մասին հրապարակային հաշվետվությունը
1. Տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին, որն այն հրապարակում է:
Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն՝
1) տեսչության գործունեության,
2) տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների,
3) բացահայտված խախտումների եւ կիրառված վարչական տույժերի,
4) կատարված աշխատանքների գնահատման,
5) առաջարկված ծրագրերի,
6) տեսչավորման միջոցով բացահայտված առաջավոր, օրինակելի փորձի մասին:
2. Տեսչության իրականացրած յուրաքանչյուր տեսչավորման արդյունք ենթակա է հրապարակման լիազորված մարմնի սահմանած կարգով:
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 11. Տեսչության կառուցվածքը
1. Տեսչությունը լիազորված մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:
2. Տեսչությունը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից եւ կարող է ունենալ տարածքային մարմիններ:
Հոդված 12. Տեսուչների պաշտոնների դասակարգումը
1. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ կերպ.
1) Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչ. համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման՝ հավասարազոր է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետի տեղակալ, ավագ պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.
3) Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին.
4) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբին.
5) Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության տարածքային մարմինների պետական տեսուչ. հավասարազոր է քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության պետն է:
3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչներ են:
4. Սույն հոդվածի առաջին մասով դասակարգված անձանց պաշտոնները եւ դասային աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:
Հոդված 13. Կրթության պետական տեսուչների իրավասությունները
1. Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը`
1) ղեկավարում է կրթության պետական տեսչության գործունեությունը.
2) իր իրավասությունների սահմաններում ստուգվող սուբյեկտներին տալիս է կատարման համար պարտադիր հանձնարարականներ.
3) տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա հաստատում է ստուգումների ժամանակացույցը.
4) տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.
5) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Հայաստանի Հանրապետության կրթության ավագ պետական տեսուչը`
1) ղեկավարում է համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի գործունեությունը.
2) իր իրավասության շրջանակներում տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր.
3) կազմում է համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի աշխատանքային ծրագիրը եւ ստուգումների ժամանակացույցը.
4) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսուչն իրավունք ունի՝
1) ստուգվող սուբյեկտներում իրականացնելու կրթության մասին օրենսդրության պահանջների կատարման վերաբերյալ ստուգումներ.
2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում ստուգվող սուբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ, վերցնելու փաստաթղթերի կրկնօրինակներ, այլ անհրաժեշտ նյութեր եւ կազմելու համապատասխան ակտ.
3) անհրաժեշտության դեպքում վերահսկողական աշխատանքներին ներգրավելու անկախ փորձագետների եւ մասնագետների.
4) արձանագրելու խախտումները, օրենքով սահմանված կարգով ստուգվող սուբյեկտներին տալու պարտադիր կատարման համար հանձնարարականներ:
4. Կրթության պետական տեսուչներն ունեն միասնական նմուշի վկայական, ինչպես նաեւ անձնական կնիք՝ իրենց անվան նշումով եւ տեսչության համապատասխան տարածքային մարմնի անվանումով:
Հոդված 14. Կրթության պետական տեսուչների պարտականությունները
1. Կրթության պետական տեսուչներն իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են՝
1) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել կրթության բնագավառի օրենսդրության պահանջների կատարումը.
2) օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված իրավասությունների սահմաններում ապահովել ստուգվող սուբյեկտի եւ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանումը.
3) կրթության բնագավառի օրենսդրության եւ դրան համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ իրականացնել բացատրական աշխատանքներ.
4) արձանագրել կրթության բնագավառի օրենսդրության խախտման դեպքերը եւ իրենց իրավասության սահմաններում տալ համապատասխան ընթացք.
5) պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական եւ առեւտրային գաղտնիքները.
6) չխոչընդոտել կազմակերպության բնականոն աշխատանքին:
2. Կրթության պետական տեսուչներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով:
Հոդված 15. Կրթության պետական տեսուչների պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը
1. Կրթության պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվություն են կրում իրենց անօրինական գործունեության կամ անգործության համար:
2. Կրթության պետական տեսուչների որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել կրթության գլխավոր պետական տեսուչին եւ (կամ) դատարան:
3. Կրթության գլխավոր պետական տեսուչի որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել լիազորված մարմին եւ (կամ) դատական կարգով:
4. Կրթության պետական տեսուչների անօրինական գործողության հետեւանքով կրթական հաստատությանը պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 16. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացի
իրականացման ձեւերը
Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացը իրականացվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների միջոցով` սույն օրենքի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հ այաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգերին եւ ժամկետներին համապատասխան:
Հոդված 17. Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը
1. Թեմատիկ ստուգումների համար հիմք է համարվում լիազորված մարմնի ղեկավարի հաստատած տարեկան աշխատանքային ծրագիրը:
2. Հաստատված տարեկան աշխատանքային ծրագրի հիման վրա կրթության գլխավոր պետական տեսուչը հաստատում է ստուգումների ժամանակացույցը:
3. Ստուգում իրականացնելու մասին լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա եւ հաստատված տարեկան աշխատանքային ծրագրին համապատասխան՝ կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը տալիս է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագրեր:
4. Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ լիազորված մարմնի ղեկավարի տված հանձնարարականների կատարման ստուգման ընթացքի եւ ժամկետի վրա:
Հոդված 18. Ուսումնասիրությունների միջոցով վերահսկողության իրականացման կարգը
1. Ուսումնասիրության ընթացքում կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության կրթության գլխավոր պետական տեսուչը կամ նրա հանձնարարությամբ տեսչության տարածքային մարմնի ղեկավարը պատշաճ ձեւով համապատասխան ուսումնասիրվող սուբյեկտին նախազգուշացնում է կրթության բնագավառի օրենսդրության պահանջի խախտման մասին` նշելով խախտման հետեւանքները վերացնելու միջոցառումները, այդ թվում` դրանց կատարման ժամկետը:
2. Ուսումնասիրվող սուբյեկտը նախազգուշացման հետ կապված միջոցառումների կատարման մասին պարտավոր է պատշաճ ձեւով տեղյակ պահել սույն հոդվածի առաջին մասով սահմանված պաշտոնատար անձանց:
3. Նախազգուշացումից հետո ստուգվող սուբյեկտի սահմանած ժամկետում խախտման հետեւանքները չվերացնելը եւ (կամ) դրա վերաբերյալ պատշաճ ձեւով չտեղեկացնելը հիմք է դառնում նոր ստուգումների իրականացման համար:
Հոդված 19. Տեսչության ֆինանսատնտեսական գործունեությունը
Տեսչության ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 20. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15.12.2005
ՀՕ-233
10.07.2009 | «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
19.03.2012 | «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |