Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2005

Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440) 43-րդ հոդվածում «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2006 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 3-րդ կետի նախավերջին պարբերությունից հանել «հանքարդյունահանման դիմաց» բառերը.

բ) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցելու դեպքում հանքարդյունահանման հատուկ լիցենզառուն եւ հանքարդյունահանման լիցենզառուն պարտավոր են վճարել տվյալ ժամանակահատվածում իրացված օգտակար հանածոյի համախառն հաշվարկային արժեքի 0.1 տոկոսի չափով ռոյալթի` շահութաբերության նորման 25 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր 0.8 տոկոսի համար:».

գ) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ռոյալթիներ վճարողների կողմից ռոյալթիների վճարման` լիազոր մարմնի կողմից սահմանած հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են գրանցման լիազոր մարմին` մինչեւ ռոյալթիների վճարման հաշվետու ժամանակահատվածին հաջորդող ամսվա 25-ը:

Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 30-ը:

Եթե լիազոր մարմինը սույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն սահմանել է պայմանական ռոյալթի, ապա այդ մասին լիազոր մարմինը համապատասխան գրառում է կատարում գրանցված հաշվետվության վրա` նշելով պայմանական ռոյալթիի սահմանված գումարի չափը, որը լիցենզառուն պարտավոր է վճարել սույն հոդվածով սահմանված ժամկետում:»:

Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում «քառակուսի կիլոմետր» բառերը փոխարինել «հեկտար» բառով, իսկ 2-րդ կետում «հիսնապատիկը» բառը՝ «հնգապատիկը» բառով:

Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասում «Հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի» բառերը փոխարինել «Հանքային իրավունքների» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.01.2006
ՀՕ-27