Armenian   Russian    
Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի,ՀՕ-135-Ն) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով`

«5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետեւյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի եւ լուսավորման, կանգառների կառավարման, շարժական եւ մեխանիկական սանդուղքների ներդրման եւ գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն).

բ) ուղեւորի, ուղեբեռի, բեռի եւ փոստի վերգետնյա սպասարկում եւ հաշվառում.

գ) ավիացիոն անվտանգության եւ օդանավերի պահպանման ծառայություններ.

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.

ե) վառելիքի եւ հեղուկների մատակարարում.

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.

է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ եւ Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.

ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավիղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն մասում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

6. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղեւորների, բեռի եւ փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.06.2006
ՀՕ-111