Armenian   Russian    
Գույքահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491-Ն) 8-րդ հոդվածի երկրորդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են եւ ենթակա են կատարման սույն օրենքով սահմանված կարգով եւ չափով: Սույն կետով սահմանված արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ մասի վերջին պարբերությունը շարադրել հե՟տեւյալ խմբագրությամբ`

«Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մին՟չեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված եւ չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքհարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:»:

Հոդված 3. Օրենքի15-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը «համապատասխան» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչեւ 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաեւ իրենց սեփականության իրավունքով պատկանող՝ սույն կետում նշված շենքերի եւ շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի եւ շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:» նախադասություններով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.12.2006
ՀՕ-202