ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Տրանսպորտային տեսչության վերահսկողության եւ ստուգումների կազմակերպումը ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում Գլուխ 3. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց, փոխադրումների մասնակիցների իրավունքները, պարտականությունները Գլուխ 4. Եզրափակիչ դրույթ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության (այսուհետ՝ տրանսպորտային տեսչություն) գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, փոխադրումների կազմակերպման գործընթացում փոխադրումների մասնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ավտոմոբիլային, երկաթուղային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային եւ ջրային տրանսպորտային միջոցներով առեւտրային նպատակներով իրականացվող փոխադրումների մասնակից (այդ թվում` միջազգային) բոլոր իրավաբանական ու ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից արտակարգ իրավիճակների ժամանակ անձնական եւ ծառայողական օգտագործման նպատակներով իրականացվող փոխադրումների վրա:
Հոդված 3. Օրենքի հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
փոխադրումների մասնակից ` ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կամ փոխադրումների կազմակերպման գործընթացի եւ փոխադրումների անվտանգության ապահովման հետ կապված սպասարկման ծառայություններ մատուցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (այսուհետ` կազմակերպություն).
վերահսկողություն ` փոխադրումների մասնակիցների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման ապահովման նպատակով իրականացվող միջոցառում:
Հոդված 4. Տրանսպորտային տեսչությունը
Տրանսպորտային տեսչությունը տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում գործող ստորաբաժանում է: Տրանսպորտային տեսչության աշխատակիցն ունի հատուկ ծառայողական վկայական, որի ձեւը հաստատում է լիազորված մարմինը:
Հոդված 5. Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը
Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:
Հոդված 6. Տրանսպորտային տեսչության գործառույթները
1. Տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում տրանսպորտի մասին օրենսդրության, տրանսպորտի ոլորտում գործունեության իրականացման լիցենզիաների, միջազգային փոխադրումների թույլտվությունների, ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային եւ երկաթուղային տրանսպորտի գործունեության, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության, ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական նշահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ:
2. Տրանսպորտային տեսչությունն իրականացնում է`
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում.
բ) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների եւ մեխանիզմների, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 7. Տրանսպորտային տեսչության գործունեության սկզբունքները
Տրանսպորտային տեսչության գործունեությունը հիմնվում է օրինականության, փոխադրումների մասնակիցների օրինական շահերի պաշտպանության սկզբունքների վրա:
Տրանսպորտային տեսչությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 8. Վերահսկողության եւ ստուգումների կազմակերպումը
Տրանսպորտային տեսչությունը վերահսկողությունն իրականացնում է սույն օրենքին, իսկ ստուգումները` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
Հոդված 9. Վերահսկողության կազմակերպումը
1. Վերահսկողությունը կազմակերպվում է ընտրանքային կարգով, ինչպես նաեւ տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող փոխադրումների մասին տեղեկությունների առկայության դեպքերում` համաձայն տրանսպորտային տեսչության պետի գրավոր հանձնարարության:
2. Վերահսկողության կազմակերպումն իրականացվում է ավտոկայարաններում, ավտոկայաններում եւ երթակարգավարական կետերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չհատկացված վայրերում գոյացած ավտոտրանսպորտային միջոցների կուտակումների կետերում, ինչպես նաեւ պետական կառավարման համապատասխան մարմինների հետ պետավտոտեսչության անշարժ պահակետերում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ պետական կառավարման համապատասխան մարմինների ղեկավարների համատեղ հրամանի հիման վրա:
Վերահսկողությունն իրականացնում են տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք` ծառայողական վկայականի ներկայացմամբ:
Հոդված 10. Վերահսկողության գործողության ոլորտը
1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի 9-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված վայրերում վերահսկողության իրականացման ընթացքում կարող են պահանջվել`
ա) տվյալ ավտոտրանսպորտային միջոցով տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթեր (լիցենզիա, թույլտվություն).
բ) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում` ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպության տված ճանապարհային թերթիկ եւ ուղեւորափոխադրումները սպասարկող կազմակերպության տված երթուղային թերթիկ:
2. Վերահսկողության ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք կարող են իրականացնել ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների` օրենքով սահմանված ներքին եւ արտաքին կահավորմանը եւ փոխադրումներին ներկայացվող պահանջներին համապատասխանության ստուգում:
3. Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:
Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը կարող է իրականացվել նաեւ սահմանային անցման կետերում:
Հոդված 11. Ստուգումների գործողության ոլորտը
1. Ստուգումների միջոցով վերահսկողությունն իրականացվում է փոխադրումների մասնակից կազմակերպություններում:
2. Փոխադրումների մասնակից կազմակերպություններում ստուգման ենթակա է`
ա) ավտովարորդների, նավավարների, մեքենավարների առողջական վիճակի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի նախաերթային զննումների անցկացման,
բ) ավտովարորդների, նավավարների, մեքենավարների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի,
գ) շարժակազմի տեխնիկական շահագործման, փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության պահպանման,
դ) ուղեւորների տոմսավորման, սպասարկման, նստեցման եւ իջեցման, ինչպես նաեւ ուղեբեռի ձեւակերպման ու պահպանման,
ե) երթերի հաշվառման եւ չվացուցակների վերաբերյալ օրենքով սահմանված պահանջների կատարումը:
Հոդված 12. Վերահսկողության արդյունքների ամփոփումը
1.Վերահսկողության արդյունքների ամփոփումը կատարվում է տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կազմած արձանագրությամբ, որը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Արձանագրության ձեւաթուղթը պետք է ունենա պաշտպանական հատկություններ, բացառի այլ եղանակներով կրկնօրինակումը: Այն համարակալվում է վեցանիշ արաբական թվանշաններով:
2. Արձանագրությունը հաշվառվում է հաշվառման մատյանում: Արձանագրության ձեւը եւ հաշվառման մատյանի վարման կարգը հաստատում է լիազորված մարմինը: Վերահսկողության արդյունքներով կազմված արձանագրությունների պահպանման ժամկետը սահմանվում է երեք տարի:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 13. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց իրավունքները
1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձն իրավունք ունի՝
ա) իր իրավասությունների սահմաններում տալու պարտադիր կատարման ցուցումներ` բացահայտված խախտումների վերաբերյալ.
բ) վերադասության կարգով ներկայացնելու առաջարկություններ` հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերաբերյալ.
գ) փոխադրումների մասնակիցներից պահանջելու իրենց գործունեության ապահովման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ եւ պարզաբանումներ.
դ) կազմելու վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
ե) իրականացնելու օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Վարչական իրավախախտումների գործերով վարույթը եւ տուգանքների նշանակումը իրականացնում է տեսչության պետը:
Հոդված 14. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պարտականությունները
1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է՝
ա) իր գործունեության ընթացքում չխոչընդոտել փոխադրումների մասնակիցների բնականոն գործունեությանը.
բ) փոխադրումների մասնակիցների մասին ստացված տվյալներն ու տեղեկություններն օգտագործել միայն ծառայողական նպատակներով՝ պահպանելով առեւտրային, պետական, ծառայողական եւ օրենքով պաշտպանված այլ գաղտնիքներ.
գ) փոխադրումների մասնակիցների իրավունքների սահմանափակման գործողությունների դեպքերում հնարավորություն ընձեռել նրանց` օրենքով սահմանված կարգով ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին.
դ) վերահսկողություն իրականացնելիս թույլ չտալ սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների վերազանցում.
ե) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր կատարած ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասը:
2. Վերահսկողության իրականացման ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք պարտավոր են ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների գերբեռնվածության դեպքում ավտոտրանսպորտային միջոցից իջեցնել ուղեւորներին մինչեւ տեղատարողության թույլատրելի սահմանը:
Հոդված 15. Փոխադրումների մասնակիցների իրավունքները
Փոխադրումների մասնակիցներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով`
ա) ծանոթանալու վարչական իրավախախտման գործով վարույթին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին.
բ) բողոքարկելու տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կամ տրանսպորտային տեսչության գործողությունները (անգործությունը).
գ) պահանջելու տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կատարած ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում:
Հոդված 16. Փոխադրումների մասնակիցների պարտականությունները
Փոխադրումների մասնակիցները պարտավոր են`
ա) ապահովել սույն օրենքի եւ տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը.
բ) չխոչընդոտել վերահսկողության իրականացմանը.
գ) կատարել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց օրինական պահանջներն ու ցուցումները.
դ) օրենքով սահմանված կարգով հատուցել իրենց ապօրինի գործողությունների (անգործության) հետեւանքով պատճառված վնասները:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.12.2006
ՀՕ-234