Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2006
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, պահպանումը, նորոգումը, ֆինանսավորումը եւ գրանցումը
  • Գլուխ 3. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը
  • Գլուխ 4.Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար  եւ վնասների փոխհատուցումը
  • Գլուխ 5. Միջազգային պայմանագրեր
  • Գլուխ 6. Եզրափակիչ դրույթներ

  • ԳԼՈՒԽ  1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված  1.   Օրենքի կարգավորման առարկան

    1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական եւ կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ կարգավորում է այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:

    2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն:

    3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, նորոգման, պահպանման եւ ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ  սահմանված կարգով:

    Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

    ավտոմոբիլային ճանապարհ ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության համար.

    օտարման շերտ `  երկրի մակերեւույթի, ընդերքի եւ օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.

    հողային պաստառ `  օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթեւեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները, կողային առուները, կողնակները եւ բաժանիչ գոտին.

    արհեստական կառույցներ ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթեւեկության անվտանգությունն ապահովող շինություններ: Դրանք են  կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը եւ այլն.

    բաժանիչ գոտի `  բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթեւեկային  մասերն առանձնացնող գոտի.

    ճանապարհային կահավորանք ` ավտոմոբիլային ճանապարհի երթեւեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական եւ ուղղաձիգ գծանշումները եւ այլն.

    տարանցիկ ճանապարհ ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող,  ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.

    ճանապարհի պաշտպանական գոտի ` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ եւ հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.

    ճանապարհային ծառայություն `  ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություններ).

    ճանապարհային ծառայության շինություններ `  ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը եւ պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական եւ բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները եւ այլն.

    ճանապարհային պահպանության հենակետ `  ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաեւ կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.

    ճանապարհային ինժեներական շինություններ `   ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման եւ դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման եւ արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային եւ հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի եւ լուսավորության շինությունները եւ այլն:

    Հոդված 3. Հայաստանի Հանրապետության ճանապարհների դասակարգումը

    1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

    ա) ընդհանուր օգտագործման ճանապարhներ.

    բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարhներ:

    2. Հայաս՟տանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`

    ա) ավտոմոբիլային ճանապարհներ.

    բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:

    3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարhները` ըստ սեփականության ձեւի,  դասակարգվում են`

    ա)  պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

    բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

    4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

    ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատվածներ).

    բ) հանրապետա՟կան նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատ՟վածներ).

    գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատվածներ):

    5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են`

    ա) Երեւանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական եւ հանրապետա՟կան նշանակության ավտոմո՟բի՟լա՟յին ճանա՟պարհների տարանցիկ հատվածների).

    բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացա՟ռու՟թյամբ միջպետական, հանրապետա՟կան եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա՟պարհ՟ների տարանցիկ հատվածների).

    գ) գյուղական  նշանակության ճանապարհ՟ներ (բացառու՟թյամբ գյուղա՟կան  համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանա՟պարհների տարանցիկ հատված՟ների):

    6. Միջպետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարhները նրանք են, որոնք կապում  են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին եւ ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

    7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի եւ միմյանց, մշակութային, հոգեւոր կենտրոնների եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

    8. Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաեւ խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաեւ տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար եւ նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:

    9. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական եւ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

    10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարhները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են եւ օգտագործվում են դրանց   ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային եւ այլ  կարիքների համար, եւ այդ ճանապարհներով երթեւեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

    11. Ավտոմոբիլային ճանապարհները` ըստ երթեւեկության հաշվարկային ինտենսիվության եւ գործառական նշանակության, դասակարգվում են կարգերի: Դրանք կարգավորվում են քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի սահմանած շինարարական նորմերով:

    Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը

    Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետա՟կան նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության եւ կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`

    ա) մշակում եւ իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.

    բ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.

    գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում  ճանապարհային երթեւե՟կության կազմա՟՟կերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

    դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.

    ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ  դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

    զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ  դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

    է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին եւ լուսացույցներին ներկայացվող պահանջները:

    Հոդված 5.  Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման եւ (կամ)  շահագործման թույլտվությունը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության անվտանգության եւ շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման եւ (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:

    2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաեւ թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    ԳԼՈՒԽ  2

    ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ,  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ,  ՊԱՀՊԱՆՈՒՄԸ,  ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

    Հոդված 6.  Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է անվանում, պայմանանիշ եւ հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

    2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի եւ վերջնակետի, առանձին դեպքերում նաեւ` միջանկյալ կետերի անվանումներից:

    3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:

    4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 7.  Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը եւ պահպանումը

    1.  Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը եւ պահպանումն իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի:

    2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը եւ կառուցման, նորոգման ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության  համաձայն:

    3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով:

    4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:

    6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները եւ անձինք ավտոմոբիլային ճանապարհների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկության կազմակերպման կահավորանքին (ճանապարհային նշաններին, լուսացույցներին) ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման,   շինարարության, նորոգման  եւ  պահպանման ֆինանսավորումը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ  միջոցների հաշվին:

    2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման եւ պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսային ծրագրերի գլխավոր կարգադրիչը պետական ճանապարհային մարմինն է:

    ԳԼՈՒԽ  3

    ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Հոդված 9. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

    2. Պատվարների եւ ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`

    ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար եւ հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ եւ օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթեւեկամասով.

    բ) հետիոտնի եւ սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով եւ կողնակներով.

    գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով եւ հեծանվային  արահետներով:

    2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային եւ կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթեւեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:

    3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթեւեկության անվտանգությանը, ապա երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի  առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթեւեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:

    4. Մշտական, ինչպես նաեւ վթարային իրավիճակների եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշան՟նե՟րի  տեղադրման եւ սպասարկման ծախսերը կատարում եւ այդ նշանները տեղա՟դրում է ճանապարհի սպա՟սար՟կումն իրականացնող կապալառու կազմա՟կեր՟պու՟թյունը` սպասարկման պայմանագրին համապատասխան:

    5. Վթարային իրա՟վի՟ճակից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթեւեկության ժամանակավոր կարգավոր՟ման նպատակով տեղադրվող ժամա՟նա՟կավոր նշանների տեղադրման եւ սպասարկման ծախսերը կատարում է նշան՟նե՟րի տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:

    6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`

    ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների եւ մեխանիզմների երթեւեկությունը ասֆալտբետոնե եւ սեւ խճային ու կոպճային  ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.

    բ) երթեւեկամասի եւ կողնակների վրա մեքենաներ եւ մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական եւ կենցաղային աղբ  թողնելը կամ թափելը.

    գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.

    դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.

    ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.

    զ) երթեւեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն եւ հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների եւ այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը եւ աղտոտումը.

    է)  ծանրաքաշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթեւեկության երթուղին համաձայնեցնելու.

    ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը եւ սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:

    Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

    1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելն անվճար է: Ծանրաքարշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար օրենքով սահմանվում է  վճար:

    2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար օրենքով սահմանվում է վճար:

    3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական եւ ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վարձաչափը եւ վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

    Հոդված 12. Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների   օտարման շերտում եւ (կամ) պաշտպանական գոտում

    1. Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի եւ էլեկտրականության գծերով, խողովակաշարերով եւ այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով եւ երկաթուղագծերով, դրանց տեղադրումը եւ վերատեղադրումը օտարման շերտում եւ (կամ) պաշտպանական գոտում կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ: Եթե հաղորդակցուղիների եւ այլ կառույցների շինարարության իրականացման հետեւանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ նորոգման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:

    2. Հաղորդակցուղիների եւ այլ  շինությունների  ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը եւ անվտանգ երթեւեկությանը ներկայացվող պահանջներին:

    3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում  եւ (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները եւ այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում եւ ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

    4. Կազմակերպությունները եւ ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա  բոլոր տեսակի աշխատանքները  կատարում են դրանց տնօրինողների  եւ շահագրգիռ այլ մարմինների  հետ   համաձայնեցված պայմաններով:

    Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը եւ պաշտպանական   գոտիները

    1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաեւ պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի չափերը հաշվարկվում են շինարարական նորմերի պահանջներին  համապատասխան:

     2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`

    ա) 1-ին կարգի ճանապարհների համար`  70 մետր.

    բ) 2-րդ եւ 3-րդ կարգի ճանապարհների համար`    50 մետր.

    գ) 4-րդ կարգի ճանապարհների համար`   30 մետր:

    3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի եւ կառուցվածքների  անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը եւ հիդրոլոգիական ռեժիմը:

    4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ:

    5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:

    6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների եւ շահագրգիռ այլ մարմինների  հետ համաձայնեցնելու, արգելվում են`

    ա) կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետազոտական եւ արդյունահանման աշխատանքներ.

    բ) կատարել անտառահատում եւ վնասել հողածածկույթը.

    գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).

    դ)  տեղադրել ճանապարհային երթեւեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ եւ լուսավորություն:

     7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու  ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման,  աշխատանքների կատարման գոտում եւ ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթեւեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ  վերականգնել աշխատանքների կատարման հետեւանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել եւ հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները:

    8. Աշխատանքների կատարման վայրը պետք է ցանկապատվի տեսանելի պարսպով եւ կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաեւ լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է  պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության  կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցված կարգով:

    9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:

    10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների եւ շահագրգիռ այլ մարմինների  հետ համաձայնեցմամբ:

    11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլոգիական կապից եւ լուսավորումից, որեւէ հաղորդակցուղի տեղադրելն արգելվում է:

    12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում եւ այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի եւ կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` դրանց տնօրինողների հետ համաձայնեցված կարգով:

    13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան եւ դրանց տնօրինողների համաձայնությամբ`  երթեւեկելի մասի սահմաններից դուրս:

    14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը:

    15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող եւ պահպանող մարմինները պարտավոր են`

    ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին եւ հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետեւանքները վերացնելու ուղղությամբ.

    բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց եւ ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.

    գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին եւ հողօգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:

    16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը եւ հողօգտագործողները պարտավոր են`

    ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի  հետ.

    բ) իրենց հողատարածքի  սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները եւ ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.

    գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի եւ կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից  պակաս հեռավորության վրա.

    դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների եւ անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.

    ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.

    զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաեւ նորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաեւ թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ եւ ճանապարհներ:

    Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով

    1. Տրանսպորտային միջոցների, վարորդների եւ ուղեւորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում եւ պաշտպանական գոտիներում  օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առեւտրի եւ սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաեւ գովազդի միջոցներ:

    2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների եւ գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:

    3. Oրենքով կարող է սահմանվել վճար` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար:

    4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը եւ այլ պայմանները հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար  պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` մարզպետը:

    5. Համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտիավորման փաստաթղթերի բացակայության դեպքում ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի եւ շինությունների կառուցման նպատակով հողամասի տրամադրումը իրականացվում է  օրենքով սահմանված կարգով, ընդ որում` հողահատկացման առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական ճանապարհային մարմնի եւ երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազորած մարմնի հետ:

    6. Ընդհանուր օգտագործման պետական եւ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 15. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը  եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը

    1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման  եւ երթեւեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են`

    ա) ավտոմոբիլային ճանապարհների խնամքի եւ պահպանման համալիր աշխատանքներ.

    բ) ավտոմոբիլային  ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով.

    գ) ավտոմոբիլային  ճանապարհների գծանշում եւ պարսպում.

     դ) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների  ուսումնասիրում եւ դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:

    2. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն ու երթեւեկության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:

    Հոդված 16. Հողամասերի տրամադրումը ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման նպատակով

    Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման նպատակով հողամասերի տրամադրումը կատարվում է  օրենքով սահմանված կարգով:

    ԳԼՈՒԽ   4

    ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ  ԽԱԽՏՄԱՆ  ՀԱՄԱՐ ԵՎ  ՎՆԱՍՆԵՐԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

    Հոդված 17. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

    Սույն օրենքի պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 18. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին հասցված վնասի հատուցումը

    1. Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

    2. Սույն  հոդվածն  ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից` միջպետական նշանակության ճանապարհների համար, եւ 2012 թվականի հունվարի 1-ից` հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհների համար:

    Հոդված 19. Ավտոմոբիլային ճանապարհների  հետ կապված վեճերի լուծման կարգը

    Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման եւ պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

    ԳԼՈՒԽ  5

    ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

    Հոդված 20. Միջազգային պայմանագրերը

    Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա  կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

    ԳԼՈՒԽ  6

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 21. Անցումային դրույթներ

    1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (13 մայիսի 1996 թվականի, ՀՕ-56):

    2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա եւ ի կատարումն դրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին մինչեւ սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը:

    3. Սույն օրենքի դրույթները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

    Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

    Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 
     



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    21.12.2006
    ՀՕ-240


    21.12.2015 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    21.12.2017 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    31.05.2019 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    31.05.2019 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    28.06.2019 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    09.07.2020 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    10.12.2020 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    07.02.2024 «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին