ՕՐԵՆՔԸ
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29, այսուհետ` օրենք) 42-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «գրասենյակի ղեկավարից» բառերից հետո լրացնել «, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի երկու օգնականներից» բառերով.
2)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների թվաքանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը
Հանրային պաշտպանների գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովիհանրային պաշտպանների գրասենյակի բնականոն գործունեությունը:
Փաստաբանների պալատի նախագահը հանրային պաշտպանների գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանների գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
Հանրային պաշտպանների գրասենյակի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաեւ հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար։
Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափը եւ հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր:
Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով։ Անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ, որի դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Երեւան քաղաքի համայնքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում` հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով` անկախ հանրային պաշտպանների կողմից կատարված փաստացի ծախսերից։»:
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ2-րդ մասով.
«Սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13.01.2007
ՀՕ-33