Armenian   Russian    
Փոստային կապի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.04.2007

Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-46-Ն, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի «փոստային կապի ունիվերսալ ծառայություններ» հասկացությունից հանել «զեղչ գներով» բառերը, իսկ նույն հասկացությունը «գծով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերի հատուկ առաքում.» բառերով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 18-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 181 -րդ եւ 182 -րդ հոդվածներով.

«Հոդված 181 . Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները եւ դրանց ձեւավորման սկզբունքները

1.Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագները սահմանում եւ վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով):

2. Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների ձեւավորման սկզբունքներն են`

ա) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.

բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.

գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.

դ) ծառայությունների տեսակներով եւ առանձնահատկություններով պայմանավորված սակագների տարբերակումը.

ե) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված եւ անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:

3. Փաստաթղթերի հատուկ առաքման սակագնի ձեւավորման հիմքում ընկած է ծախսածածկման սկզբունքը:

Հոդված 182 . Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման սակագների սահմանումը եւ կիրառումը

1. Սակագների սահմանման եւ վերանայման կարգը, այդ առնչությամբ փոստային կապի ազգային օպերատորի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը 6 ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովը ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել փոստային կապի ազգային օպերատորի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայության երկարաժամկետ սակագին, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես փոստային կապի ազգային օպերատորի, այնպես էլ Կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) եւ որոշում է կայացնում փոստային կապի ազգային օպերատորի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 45-օրյա ժամկետում:

6. Փոստային կապի ազգային օպերատորը կարող է փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցել Կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Կարգավորող հանձնաժողովըհաշվի չի առնում սակագների իջեցման հետեւանքով փոստային կապի ազգային օպերատորի վնասները:

7. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Կարգավորող հանձնաժողովը փոստային կապի ազգային օպերատորի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին եւ իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ:

8. Փոստային կապի ազգային օպերատորը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձեւերով եւ կարգով:

9. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր։»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

04.05.2007
ՀՕ-173