Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2007
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով հայտարարագիր ներկայացրած եւ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները բավարարող՝

ա) միայն մեկ խանութի, կամ միայն մեկ կրպակի, կամ միայն մեկ տաղավարի միջոցով բացառապես առեւտրական գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը.

բ) բացառապես սեփական անշարժ գույքը վարձակալության հանձնող անհատ ձեռնարկատերը.

գ) նոտարը.

դ) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ընդգրկված գործունեության տեսակները միայն մեկ վայրում իրականացնող առեւտրային կազմակերպությունը եւ անհատ ձեռնարկատերը:

Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում առեւտրային կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման գործունեության վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածով սահմանված գործունեության տեսակները:

Սույն կետով սահմանված դրույթները չեն տարածվում սույն հոդվածի  3-րդ կետում նշված անձանց, ինչպես նաեւ  սեփական արտադրանքը խանութի, կրպակի կամ տաղավարի միջոցով իրացնող առեւտրային կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ վրա:».

բ) 3-րդ կետի  «ա» ենթակետից հանել «`գործունեության այդ մասով» բառերը.

գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ», «ե», «է», «ժբ» ենթակետերը, իսկ «դ» ենթակետը «հունվարի 1-ին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ» բառերով.

դ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  «ժգ» ենթակետով`

«ժգ) այն առեւտրային կազմակերպությունը, որն ունի ներկայացուցչություն (ներկայացուցչություններ) եւ (կամ) մասնաճյուղ (մասնաճյուղեր):».

ե) 4-րդ կետը «նոր» բառից առաջ լրացնել «սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեություն իրականացնող» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով սահմանված գործունեության միայն մեկ տեսակի մասով եւ չի կարող միաժամանակ հանդիսանալ հարկման ընդհանուր կարգով կամ հաստատագրված վճարներով հարկվող:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի «գ» ենթակետը «նշված՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող» բառերով.

բ) 1-ին կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) իրականացնում է սույն օրենքի 4 հոդվածի 1-ին կետով չսահմանված գործունեություն եւ (կամ) համատեղում է այդ կետով սահմանված գործունեության մեկից ավելի տեսակներ:».

գ) 1-ին կետի «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ե) տվյալ տարվա որեւէ պահին իրականացրել է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում».

դ) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «թ» ենթակետը.

ե) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով՝

«ժ) այն առեւտրային կազմակերպությունը, որը տվյալ տարվա որեւէ պահին ստեղծել է  ներկայացուցչություն եւ (կամ) մասնաճյուղ:».

զ) 2-րդ կետի «եւ «թ»»  բառերը փոխարինել «եւ «ժ»» բառերով:

Հոդված 4.   Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Վարձակալության գործարքներ իրականացնելու դեպքում պարզեցված հարկ վճարող հանդիսացող վարձատուի իրացման շրջանառություն է համարվում այդ գործարքների համար նախատեսված հատուցումը՝ վարձավճարները:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե) պարզեցված հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված գործունեության մեջ օգտագործվող ակտիվների (այդ թվում՝ անշարժ գույքի) օտարման մասով՝  10 տոկոս»:

Հոդված 6.  Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով`

«10.  Սույն օրենքի փոփոխությունների ու լրացումների հետեւանքով պարզեցված հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած հարկ վճարողները ֆինանսական երկու տարիների ընթացքում  կարող են վարել պարզեցված հարկային հաշվառում (այդ թվում` ապրանքանյութական արժեքների գրանցումների մասով)` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով, եթե գործունեության բոլոր տեսակների մասով յուրաքանչյուր տարում մատակարարված ապրանքների եւ մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցում 50 մլն դրամը:»:

Հոդված 7.   Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «բ» ենթակետը.

բ) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Պարզեցված հարկ վճարողները թաքցրած կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանքը բյուջե են վճարում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելված «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ

1. Կոշիկի նորոգում

2. Բնական եւ արհեստական կաշվից ճամփորդական եւ գալանտերեայի ապրանքատեսակների նորոգում

3. Կենցաղային էլեկտրասարքերի նորոգում

4. Ժամացույցների նորոգում

5. Հագուստի նորոգում

6. Մորթե եւ կաշվե հագուստի, գլխարկների նորոգում

7. Գորգերի եւ գորգագործական արտադրատեսակների  նորոգում

8. Հեծանիվների նորոգում

9. Հովանոցների, վառիչների, լուսավորման սարքերի, զբոսաշրջության, սպորտային գույքի եւ  հանդերձանքի նորոգում, գազայրիչների լցավորում, կտրող գործիքների, դանակային արտադրատեսակների  սրում

10. Թաղումների կազմակերպում եւ դրա հետ կապված  ծառայություններ

11. Տնային տնտեսությունների վարում սպասարկու  անձնակազմի կողմից

12. Ինտերնետ ակումբների միջոցով բնակչությանը մատուցվող ինտերնետային ծառայություններ

13. Այլ կենցաղային արտադրատեսակների եւ անձնական օգտագործման իրերի  վարձույթ

14. Պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում

15. Գրասենյակային մեքենաների եւ հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում

16. Գործավարական եւ թարգմանչական ծառայություններ

17. Բացառապես գյուղական բնակավայրերում մրգերի եւ բանջարեղենի վերամշակում, կաթնամթերքի արտադրություն (բացառությամբ պաղպաղակի)

18. Արվեստի բնագավառի, թատերական եւ համերգային դահլիճների գործունեություն, տիկնիկային թատրոնների գործունեություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.07.2007
ՀՕ-192