Armenian      
Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2008

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է`

1) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.

2) անհապաղ զեկուցել լիազոր մարմնի ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:

5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:»:

Հոդված  2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.03.2008
ՀՕ-3