ՕՐԵՆՔԸ
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն եւ հակագազ։
2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են՝
1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաեւ զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս եւ հետ մղելիս.
2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում կամ կարգապահական գումարտակում զանգվածային անկարգությունների ժամանակ.
3) զորավարժությունների, ինչպես նաեւ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.06.2008
ՀՕ-73