ՕՐԵՆՔԸ
«ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-63-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում յոթերորդ պարբերությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«ինքնաբուխ հրապարակային միջոցառում` կոնկրետ երեւույթի կամ իրադարձության կապակցությամբ անհապաղ արձագանքման անհրաժեշտություն ունեցող` մինչ այդ երեւույթը կամ իրադարձությունը չհայտարարված խաղաղ հրապարակային միջոցառում.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 3-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումն ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին եւ առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:».
2) 4-րդ մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում «պաշտոնական» բառից հետո ավելացնել «հիմնավորված» բառը, իսկ «Այդպիսի եզրակացություն ներկայացվում է նաեւ սույն հոդվածի 6-րդ մասի դեպքում» բառերը հանել.
3) 4-րդ մասի վերջում ավելացնել նոր պարբերություն.
«Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:».
4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 5-րդ մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ մաս.
«6.1. Ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող տեւել վեց ժամից ավելի: Նույն երեւույթի կամ իրադարձության առնչությամբ անցկացվող ցանկացած հաջորդող զանգվածային միջոցառում չի կարող ինքնաբուխ համարվել եւ պետք է անցկացվի իրազեկման սահմանված ընթացակարգով:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Զանգվածային» բառից առաջ ավելացնել «Բացառությամբ ինքնաբուխ հրապարակային միջոցառումների,» բառերը.
2) 2-րդ մասի «անցկացնելու» բառից հետո ավելացնել «այլ միջոցառումներ եւ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Եթե» բառից հետո ավելացնել «իրազեկումը ստանալու պահից 72 ժամվա ընթացքում» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.
«1.1) ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումը շարունակվում է վեց ժամից ավելի.».
2) 3-րդ մասի վերջին պարբերությունում «սահմանելով» բառից առաջ ավելացնել «նշելով դադարեցման պահանջի իրավական հիմքը եւ» բառերը:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.06.2008
ՀՕ-74