ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԹԻՎ 1609 (2008) ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարեւորելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը,
հավաստելով Եվրոպայի խորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման վճռականությունը,
ընդգծելով այդ ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը,
գիտակցելով թե՛ երկրի եւ թե՛ միջազգային հանրության համար Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մտահոգիչ բնույթը,
հիմք ընդունելով ԵԽԽՎ 1609 (2008) բանաձեւում (այսուհետ՝ Բանաձեւ) տեղ գտած առաջարկությունները՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է`
1. Բանաձեւի առաջարկությունները համահունչ են Հայաստանի հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, Օրինաց երկիր կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության ստորագրած Քաղաքական կոալիցիայի համաձայնագրի դրույթներին:
2. Հավանություն է տալիս Բանաձեւի առաջարկությունների իրագործումը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ձեւավորված աշխատանքային խմբի կատարած քայլերին եւ առաջարկված ժամանակացույցին:
3. Ընդունում է ի գիտություն ս.թ. հունիսի 4-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները` շեշտելով, որ դրանց մասնակցել են քաղաքական կուսակցությունների, արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լսումների նպատակն էր մշակել առաջարկություններ հեռուստառադիոընկերությունների գործունեության ազատության եւ բազմակարծության սկզբունքի ապահովման իրավական մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ։
4. Ընդունում է ի գիտություն ս.թ. հունիսի 5-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած լսումների արդյունքները՝ նվիրված 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի ապրիլի 25-ի արտահերթ զեկույցին (լսումներին մասնակցել են խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ)։
5. Ողջունում է միջազգային կառույցների եւ հատկապես Եվրախորհրդի` Օրենքի միջոցով ժողովրդավարության հաստատման Վենետիկի հանձնաժողովի ջանքերը` ընդունելով բանաձեւի առաջարկությունների իրագործման ուղղությամբ ցուցաբերած փորձագիտական աջակցությունը եւ նրանց հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնում:
6. Ի կատարումն Բանաձեւի 8.1-րդ կետի, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել եւ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն է ուղարկել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի ընդունումից հետո խորհրդարանական ընդդիմությունը կունենա ԵԽԽՎ 1601 բանաձով սահմանված 27 իրավունքներից 25-ը։
7. Ի կատարումն Բանաձեւի 8.2-րդ կետի, Ազգային ժողովում ձեւավորվել է պատգամավորներից եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունների հիման վրա մշակելու է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ եւ սահմանված կարգով ներկայացնելու է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձաքննությանը:
8. Ի կատարումն Բանաձեւի 8.3-րդ կետի, հեռուստառադիոընկերությունների գործունեության ազատության եւ բազմակարծության ապահովման, ինչպես նաեւ Ազգային հանձնաժողովի կազմավորման եւ մրցութային կարգի սահմանման նպատակով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետություն օրենքում, «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: Փաթեթը մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչի մասնակցությամբ: Այն ուղարկվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողով` փորձաքննության:
Միաժամանակ Հայաստանի իշխանությունները ողջունում են Եվրամիության առաջարկությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ն. Սարկոզիի առաջարկը Հայաստանի Հանրապետության Նախագահին` աջակցելու այս ոլորտում ընթացող բարեփոխումներին։ Որպես առաջին քայլ՝ հունիսի վերջին CFI (ֆրանսիական միջազգային ալիք) հեռուստաընկերության փորձագետների ուժերով կանցկացվեն Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ։
Ողջունելի է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի նախաձեռնած «Աջակցություն Հանրային հեռուստաընկերության զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, ըստ որի՝ «BBC World Service Trust»-ի փորձագիտական խումբը կգնահատի ոլորտի իրավիճակը, խնդիրները եւ կմշակի բարեփոխումների երկարաժամկետ ծրագիր։
9. Ի կատարումն Բանաձեւի 8.4-րդ կետի, Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ փոխգործակցության եւ նրանց դրական եզրակացության հիման վրա ընդունվել են փոփոխություններ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, եւ վերացվել են եղած սահմանափակումները:
10. Ի կատարումն Բանաձեւի 8.5-րդ կետի, Հանրապետության Նախագահը միջոցներ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության դատական համակարգի անկախության ամրապնդման ուղղությամբ: Այդ կապակցությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունը (հրապարակված 2008 թվականի մայիսի 22-ի մամլո հաղորդագրությամբ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովն առաջիկայում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնելու «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», Քրեական դատավարության օրենսգրքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ մի շարք այլ օրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծեր: Դրանք ամրագրելու են դատարանների անկախությունը գործնականում ապահովող երաշխիքներ, ձեւավորելու են դատական համակարգի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտությունը կանխելուն ուղղված համալիր իրավական ինստիտուտներ, նախատեսելու են դատավորների վերապատրաստման, որակավորման բարձրացման, իրավական եւ սոցիալական պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր պատրաստակամությունն է հայտնում կարճ ժամկետում քննարկելու եւ ընդունելու նշված բարեփոխումներն ապահովող օրենսդրական նախաձեռնությունները:
11. Բանաձեւի 8.6-րդ կետի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դատախազության տեղեկությունները ձերբակալվածների եւ կալանավորվածների մասին հետեւյալն են. մարտյան դեպքերի կապակցությամբ կալանքի տակ գտնվել է ընդհանուր առմամբ 115 անձ:
Բանաձեւի ընդունումից եւ Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո 28 անձի նկատմամբ որպես կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է, կալանավորումը դադարեցվել է եւ ազատ են արձակվել կալանքից, 21 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, 15 անձինք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատ են արձակվել դատարանի դահլիճից, 3 անձ դատարանի կողմից արդարացվել է։
Դատավճիռներով 1-5 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել 14 անձ։
Հունիսի 16-ի դրությամբ կալանքի տակ է գտնվում 17 մեղադրյալ, եւ 4-ը գտնվում են հետախուզման մեջ։
Հարկ է արձանագրել, որ Եվրախորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված դեպքերի ուսումնասիրության իրավական հնարավորությունը բավականին զսպող գործոն է բոլոր գործերով արդար դատավարություն իրականացնելու առումով:
12. Բանաձեւի 9-րդ կետի կատարման առնչությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւս կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին` ճանաչելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած ընտրությունների արդյունքները, եւ ընդունելու կառուցողական երկխոսության առաջարկը:
13. Ի կատարումն Բանաձեւի 10-րդ կետի, Հանրապետության Նախագահը, կարեւորելով հասարակական-քաղաքական երկխոսություն խթանելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով Բանաձեւի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Հանրային խորհուրդ ստեղծելու մասին` իշխանություն եւ ընդդիմություն կազմող քաղաքական ուժերի, արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջարկելով ընդգրկվելու Հանրային խորհրդի կազմում:
14. Ի կատարումն Բանաձեւի 11-րդ կետի (արտախորհրդարանական քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության մեջ ներգրավելու պահանջի վերաբերյալ), քայլեր են ձեռնարկվում Հանրային խորհրդի, «2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության» Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմում, ինչպես նաեւ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու համար ստեղծված աշխատանքային խմբում արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ընդգրկելու համար, եւ այդ նպատակով նրանց հրավեր է ուղարկվել :
15. Ի կատարումն Բանաձեւի 12-րդ կետի, մինչ Բանաձեւի ընդունումը Հանրապետության Նախագահը դիմել է նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին` քաղաքական երկխոսության եւ համագործակցության առաջարկով: Մինչ այդ ընդդիմադիր դաշտում գործող եւ նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանը ընդունել է համագործակցության առաջարկը եւ ստորագրել Քաղաքական կոալիցիայի ստեղծման համաձայնագիրը: Հանրապետության Նախագահի համագործակցության առաջարկին արձագանքել եւ այն պաշտպանել են ընդդիմադիր այլ թեկնածուներ եւս:
Նոր կառավարության ձեւավորումից հետո Հանրապետության Նախագահը հրապարակայնորեն հանդես է եկել հաջորդ առաջարկով` Հանրային խորհրդի կազմում բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, Հանրապետության Նախագահի թեկնածուներին եւ նրանց սատարած կուսակցությունների ներկայացուցիչներին ընդգրկելու վերաբերյալ` ընդդիմության դիրքորոշումները հաշվի առնելու, հասարակական-քաղաքական երկխոսությունը խթանելու նպատակով:
Ազգային ժողովը եւս բոլոր խորհրդարանական լսումներում, oրենքների բարեփոխումների համար ձեւավորված աշխատանքային խմբերում եւ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կազմում պաշտոնապես առաջարկել է եւ հետայսու էլ կառաջարկի ընդգրկել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին: Վերոհիշյալ նախաձեռնություններին դրական են արձագանքել եւ ստեղծվող կառույցների աշխատանքներին մասնակցելու ցանկություն են հայտնել ինչպես արտախորհրդարանական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
16. Ի կատարումն Բանաձեւի 12.1-րդ կետի, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների մասնակցությամբ ձեւավորվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով հրավիրված են մասնակցելու 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները, այդ թվում` Լեւոն Տեր-Պետրոսյանը, կամ նրանց լիազորած անձինք, արտախորհրդարանական այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ: Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին տրված են անհրաժեշտ լիազորություններ՝ ուսումնասիրելու մարտյան դեպքերը եւ դրանց պատճառները։
Ազգային ժողովի որոշմամբ նախատեսվում է ապահովել հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը հանրային հաշվետվությունների, մամուլի ասուլիսների միջոցով եւ Ազգային ժողովի նիստերում պարբերաբար հաղորդումներ ներկայացնելով:
17. Բանաձեւի 12.2-րդ կետի առնչությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնական տեղեկատվության համաձայն` քաղաքական շարժառիթներով կալանավորվածներ չկան։ Ընդհանուր առմամբ հարուցված քրեական գործով կալանավորված 115 անձանցից Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կալանքից ազատ է արձակվել 46 անձ: Դատարանում գտնվող 38 մեղադրյալներից շուրջ 20 անձի նկատմամբ դատախազությունը միջնորդելու է կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները եւ ազատ արձակել կալանքից:
18. Ի կատարումն Բանաձեւի 12.3-րդ կետի, Ազգային ժողովն արդեն ընդունել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
19. Բանաձեւի 13-րդ եւ 14-րդ կետերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր պատրաստակամությունն է հայտնում շարունակելու արդյունավետ եւ բնականոն գործունեությունը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում:
Ազգային ժողովը շարունակելու է համագործակցությունն արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ինչպես Բանաձեւի առաջարկությունների, այնպես էլ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ:
Ազգային ժողովն արձանագրում է, որ Բանաձեւի առաջարկությունները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության խորացմանը, ազգային օրենսդրության կատարելագործմանը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը եւ երկրում կայունության պահպանմանը։
Բանաձեւի ընդունումից հետո՝ անցած երկու ամսվա ընթացքում, Բանաձեւի բոլոր առաջարկությունների իրականացման նպատակով Հայաստանում ձեռնարկվել են կոնկրետ քայլեր, կատարվում են եւ կշարունակվեն այս ուղղությամբ կատարվել հետեւողական աշխատանքներ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ԹՈՐՈՍՅԱՆ
17.06.2008
Հ-003