Armenian      
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1) «լիազորությունները» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է. եւ նրա նկատմամբ նշանակվել է հիփոթեքային կառավարիչ» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած եւ հաստատած լուծարային հաշվեկշռում:

Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար  կազմում, հաստատում եւ հրապարակում է առանձին հաշվեկշիռ:»:

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝

«Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հիփոթեքային կառավարիչ նշանակելու  պահից հիփոթեքային կառավարչին է անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների կառավարումը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոցներն այլ թողարկողի չփոխանցելու դեպքում հիփոթեքային կառավարիչն իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների  մասով:»:

Հոդված 3. Օրենքի 75.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով՝

«2.1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի եւ ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի  գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

Եթե ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ չեն բավարարվել, ապա նրանք պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից եւ կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին եւ ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.06.2008
ՀՕ-105