Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2008

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Առեւտրի իրականացման վայրերը, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը օրենսդրությանը համապատասխան կառուցված վճարովի կամ անվճար հասարակական զուգարաններով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Առեւտրի իրականացման վայրը տեսակը հաստատված եւ ստուգաչափված ստուգիչ չափման միջոցներով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Վաճառվող հացի գնապիտակի վրա մեկ միավոր հացի քաշը եւ դրա շեղումների թույլատրելի չափերը չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի  327.1-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «2008» թիվը փոխարինել «2011» թվով:

Հոդված 3. Օրենսգրքի 327.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ եւ 3-րդ մասերով.

«2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի  23-րդ մասը ուժի մեջ է մտնում`

ա) 2009 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերում գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար.

բ) 2008 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բնակավայրերից դուրս` միջպետական, հանրապետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներին գործող առեւտրի իրականացման վայրերի եւ հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերի համար:

3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 24-րդ մասը ուժի մեջ է մտնում 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.07.2008
ՀՕ-120