ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 26-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ նախադասություններով. «Քաղաքացիներն առանց պետական գրանցման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1026-րդ հոդվածի 2-րդ կետը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «եւ (կամ) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1038.1-րդ հոդվածով.
«Հոդված 1038.1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները
1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
3. Պարզ գրավոր ձեւով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը:
4. Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող եւ մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք եւ նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաեւ օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:
5. Համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում, կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաեւ այն դեպքում, երբ պայմանագրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.12.2008
ՀՕ-243