Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.09.2009

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին պարբերությունը «պաշտպանության» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով լիցենզավորված անձանց գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «կարգերով» բառից հետո լրացնել «եւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով.

«2.1. Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-րդ հոդվածով.

«Հոդված 12.1.   Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման ու տարանցիկ փոխադրման եւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները եւ պայմանները

1. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզավորված անձինք նախքան ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում, արտահանում կամ տարանցիկ փոխադրում իրականացնելը, ինչպես նաեւ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական պայմանագիր ստորագրելը պարտավոր են ստանալ լիցենզավորող մարմնի եզրակացությունը` այդ գործունեության` սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված նպատակներին համապատասխանելու վերաբերյալ:

Եզրակացությունը ստանալու նպատակով անձը պարտավոր է, լիցենզավորման կարգով սահմանված պահանջների համաձայն, լիցենզավորող մարմին ներկայացնել պատշաճ կարգով հաստատված հետեւյալ տեղեկությունները.

1) ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրում իրականացնող կազմակերպության գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

2) ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

3) ռազմական նշանակության արտադրանքի արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում ներմուծվող պետության լիազոր մարմնի հավաստումն այն մասին, որ ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերջնական օգտագործողին, այդ արտադրանքը չի օգտագործվի այլ նպատակներով, քան հայտարարված է, եւ չի փոխանցվի որեւէ այլ երրորդ երկիր կամ այլ անձի` առանց արտահանող կողմի լիցենզավորող մարմնի գրավոր համաձայնության.

4) ռազմական նշանակության արտադրանքի փոխադրում իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) գրանցման եւ գործունեություն իրականացնելու վայրի մասին.

5) ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման պայմանագրերում նախատեսված ներմուծվող կամ արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը, իսկ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեության դեպքում` նաեւ կնքման ենթակա պայմանագրի նախագծում նախատեսված ապրանքների ցանկը:

2. Սույն հոդվածի առաջին  մասով նախատեսված պահանջները եւ պայմանները լիցենզավորված անձը պետք է պահպանի նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող գործունեության ժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ռազմական նշանակության արտադրանք համարվող այն ապրանքների, ծառայությունների, աշխատանքների եւ մտավոր գործունեության արդյունքների ցանկը, որոնց ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ դրանց առեւտրի միջնորդական գործունեության նկատմամբ հսկողությունն անհրաժեշտ է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների կատարումն ապահովելու համար:

Սույն մասում նշված ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:»:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով:»:

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.

«4.1) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.»:

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «համբավին» բառից հետո լրացնել «կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը,» բառերով:

Հոդված 8. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումներ կատարելու դեպքում.»:

Հոդված 9. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.»:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ, 12-րդ եւ 13-րդ կետերով.
 
Հ/Հ
 Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը
Լիցենզավորող մարմինը
Լիցենզիայի տեսակը
Ոլորտը
Փորձաքննության պահանջ
Մրցութային կարգով
Որակավորման պահանջ
Հաշվետվության պահանջ
11
Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում եւ արտահանում
ԿՄ
Բ
-----
Փ
-----
-----
Հ
12
Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում
ԿՄ
Բ
-----
Փ
-----
-----
Հ
13
Ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն (ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի գործընթացում այլ անձանց համար պայմանագրերի կնքման բանակցությունների վարման, ինչպես նաեւ այդ արտադրանքի ձեռքբերման, փոխանցման եւ վաճառքի օժանդակման ծառայությունների մատուցում)
 ԿՄ
Բ
---
-------
--------
-----------
Հ

Հոդված 11. Օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ մասով.

«4.1. Սույն հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերի պահանջները չեն տարածվում միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին առնչվող գործունեության լիցենզավորման վրա:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.09.2009
ՀՕ-169