Armenian   Russian    
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.09.2009

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մաքսային մարմինները պարտավոր են սույն օրենսգրքի 130 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն:»:

Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքներ եւ (կամ) տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում տեղափոխողը կամ նրա լիազորած անձը ներմուծմանը հաջորդող տասնօրյա ժամկետում մաքսային մարմին է ներկայացնում ժամանակավոր հայտարարագիր` վճարելով մաքսային վճարները, ինչը հիմք է  այդ ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների ժամանակին չհայտարարագրման համար oրենքով սահմանված տույժերից եւ վարչական պատասխանատվությունից ազատելու համար:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների համար մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում նշված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների նկատմամբ բարեխիղճ ձեռք բերողի սեփականությունը ճանաչելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո`  մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.10.2009
ՀՕ-178