ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ(ՆԵՐ)Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Հայաստանի Հանրապետությունում կառուցել մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկ(ներ):
Հոդված 2. Նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման հրապարակի ընտրությունը
1. Նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման հրապարակի ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգի եւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց սեփականություն համարվող հողատարածքները, որոնք անհրաժեշտ կլինեն նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման համար, օտարվում են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 3. Անվտանգության պահանջների ապահովումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի նախագծման, հրապարակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները:
Հոդված 4. Հասարակությանը տեղեկատվության տրամադրումը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ընթացքում հասարակությանը եւ բնապահպանական կազմակերպություններին պարբերաբար, բայց ոչ ուշ քան վեց ամիսը մեկ, տեղեկացնում է նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքի մասին:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.11.2009
ՀՕ-192
24.10.2018 | «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |