Armenian   Russian    
Էլեկտրոնային հաղորդակցության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2009

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-րդ հոդվածով.

«Հոդված 17.1.  Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձեւակերպման) եւ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարները

1. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձեւակերպման) եւ ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների չափերը սահմանվում են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հավելվածով` Կարգավորողի ներկայացմամբ:

2. Ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալու համար հայցվող ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) տրամադրման վճարի 1 տոկոսը վճարվում է նախքան թույլտվության տրամադրումը, իսկ 99 տոկոսը` Կարգավորողի կողմից ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին որոշումն ընդունվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման 99 տոկոսի չվճարման դեպքում Կարգավորողն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման մասին իր որոշումը:

4. Դիմող անձի կողմից հայցվող եւ Կարգավորողի ընդունած որոշմամբ տրամադրված ռադիոհաճախականության (ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածի) միջեւ տարբերության դեպքում կատարվում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի վերահաշվարկ:

5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, փոփոխման, վերաձեւակերպման համար սահմանված պարտադիր վճարը վճարվում է նախքան Կարգավորողի կողմից համապատասխան որոշում ընդունելը:

6. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար եւ ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:

7. Կարգավորողը իր սահմանած ձեւով մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար վճարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների եւ դրանց չափի մասին:

8. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի եւ  եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի եւ ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով:

9. Սահմանված չափից ավելի վճարված ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը ենթակա է վերադարձման Կարգավորողին դիմում ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

10. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների գումարների վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

11. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման եւ վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կարգավորողը, իսկ վերահսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկային մարմինը:»:

Հոդված 2. Հաջորդ բյուջետային տարվա համար ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի փոփոխությունը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ենթակա է կիրառման այդ բյուջետային տարվա հունվարի 1-ից: Այդ դեպքում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները ենթակա չեն կիրառման:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.12.2009
ՀՕ-207