Օրենքը չի գործում:
Գործում է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2009


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ պաշտպանության ապահովման նպատակով պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների օգտագործման (ռազմատրանսպորտային պարտականության) հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.  Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ռազմատրանսպորտային  պարտականություն՝   զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ այլ զորքերը տրանսպորտային միջոցներով ապահովելու համար իրականացվող միջոցառումների համալիր.

2) տրանսպորտային միջոց՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` մարդկանց կամ բեռ կամ վրան տեղադրված սարքավորում փոխադրելու համար oգտագործվող մեխանիկական տրանuպորտային միջոցներ (այդ թվում՝ քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը եւ մեխանիզմները), բացառությամբ անձնական օգտագործման թեթեւ մարդատար ավտոմոբիլների.

3) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրանսպորտային միջոցներ՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, հիմնարկներին ամրացված, կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձեւից), անհատ ձեռնարկատերերին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հանձնված, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցներ:

Հոդված 3. Սույն օրենքի գործողության ոլորտը

1. Ռազմատրանսպորտային պարտականությունը խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների, ռազմական դրության ժամանակ՝  նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ (այսուհետ՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ):

2. Սույն  օրենքի  գործողությունը  չի  տարածվում  Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ու նրանց ներկայացուցչությունների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Հոդված 4. Ռազմատրանսպորտային պարտականության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Ռազմատրանսպորտային պարտականության բնագավառում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությունը բաղկացած է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունից, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, uույն oրենքից եւ այլ իրավական ակտերից:

ԳԼՈՒԽ 2

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 5. Ռազմատրանսպորտային պարտականության իրականացումը

1. Զորահավաքային  նախապատրաստության  շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականության իրականացումը խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ ներառում է`

1) հաշվառված տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության տրամադրման ապահովումը.

2) տրանսպորտային միջոցների ներգրավման ապահովումը:

Հոդված 6. Հաշվառված տրանսպորտային միջոցների տեղեկատվության տրամադրումը

1. Տրանսպորտային միջոցների պետական հաշվառում իրականացնող ոuտիկանության բնագավառում պետական լիազոր մարմնի իրավասու ծառայության տարածքային ստորաբաժանումները (այսուհետ՝ ոստիկանության մարմինները) սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների հաշվառման (այդ թվում՝ վերահաշվառման, հաշվառումից հանելու կամ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվության) տվյալները ամիսը մեկ փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

2. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունները զննություն անցած տրանսպորտային միջոցների եւ դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, փոխանցում են համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

3. Տրանսպորտային միջոցների հաշվառման, տրանսպորտային միջոցների առկայության եւ տեխնիկական զննության վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Տրանսպորտային միջոցների ներգրավումը

1. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է զինված ուժերի եւ այլ զորքերի պատրաստականության ապահովման նպատակով օրենքով սահմանված կարգով վարժական հավաքներ, հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքներ, զորախաղեր անցկացնելու դեպքերում (այսուհետ՝ անցկացվող միջոցառում)՝ համաձայն անցկացվող միջոցառման ապահովման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների եւ քանակների:

Անցկացվող միջոցառման շրջանակներում տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է ըստ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների (բացառությամբ քաղաքացիների) գրանցման կամ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրի տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:

2. Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է կենտրոնացված կարգով՝ այդ նպատակով ստեղծված տրանսպորտային միջոցների ընդունման-հանձնման կետերում՝ տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ  3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 8. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների իրավական երաշխիքները

1. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը,  տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաեւ բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջոցառումներում ներգրավված տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքությունների ու շահագործմանը ոչ պիտանի լինելու համար պատասխանատվությունը կրում է պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինը, եւ ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում:

Հոդված 9. Սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքով նախատեսված ռազմատրանսպորտային պարտականությունից խուսափելը կամ դրա իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2009
ՀՕ-226