ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.
«4.2. Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ պատգամավորի առաջադրած օրենքի նախագծի դեպքում սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված կարգով ներկայացվող եզրակացությունում նշվում են`
1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.
2) Կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
25.12.2010
ՀՕ-205