ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.
«զ) յուրաքանչյուր հարկատեսակի (այդ թվում` հարկերին փոխարինող վճարների), տուրքերի եւ պարտադիր այլ վճարների, բնօգտագործման վճարների, տույժերի եւ տուգանքների մինչեւ հարյուր դրամ պարտավորությունների գումարները, որոնք հարկ վճարողի լուծարման դեպքում անտեսվում են:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասության «հայտարարության հիման վրա» բառերը փոխարինել «` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարության հիման վրա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի եւ (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ:».
2) 3-րդ կետից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ» բառերը.
3) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձեւի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված եկամտահարկի մեկ վեցերորդի եւ տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչեւ հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամտահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածները կիրառվում են 2011 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.12.2010
ՀՕ-191