ՕՐԵՆՔԸ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 42. Տուժանքները
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավաuու է տալու խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ եւ կարող է կիրառել տուժանքների հետեւյալ տեuակները`
ա) նախազգուշացում.
բ) սույն օրենքով սահմանված տուգանքներ.
գ) լիցենզիայի գործողության կաuեցում.
դ) լիցենզիայի գործողության դադարեցում:
2. Նախազգուշացումը որպես տուժանք կարող է կիրառվել սույն օրենքի դրույթների, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի, գործունեության լիցենզիայի պայմանների ցանկացած խախտման դեպքում:
3. Լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկից մինչեւ քառասունհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկից մինչեւ քսանհազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասհազարապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքների չափերը (մեծությունները) չեն տարածվում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձանց եւ մինչեւ 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էներգիայի վերականգնվող աղբյուրների (այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների) կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձանց վրա:
5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված լիցենզավորված անձանց կողմից`
ա) սույն օրենքի դրույթների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով.
բ) հանձնաժողովի կողմից տրված գործունեության լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով.
գ) հանձնաժողովի ընդունած իրավական ակտերի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
6. Սույն օրենքով սահմանված տուգանքները կարող են կիրառվել, եթե լիցենզավորված անձի կատարած խախտման հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, կամ խախտվել են սպառողի իրավունքներն ու օրինական շահերը, կամ կատարված խախտումը հանգեցրել է այլ լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը կամ խոչընդոտել է հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը, կամ կատարվել է դիտավորությամբ, կամ նախորդ խախտման պահից մեկ տարվա ընթացքում լիցենզավորված անձի կատարած երկրորդ կամ ավելի խախտումն է կամ կրում է տեւական կամ շարունակական բնույթ:
7. Սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
8. Լիցենզավորված անձն իրավունք ունի հանձնաժողովի նիստում արտահայտելու իր կարծիքը, ներկայացնելու առաջարկություններ եւ առարկություններ կիրառվելիք տուժանքների վերաբերյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.05.2011
ՀՕ-129