ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ
Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ։
Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։
Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները։
Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների եւ մակնիշների վրա:
Գովազդատուի հայեցողությամբ անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել երկու եւ ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) եւ չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։
Գովազդի հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ կամ առջեւից՝ վերեւից ներքեւ կամ ձախից աջ գրությամբ։
Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը։
Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուներով լույս տեսնող հրատարակություններում եւ օտար լեզվով հեռարձակվող հաղորդումներում օտար լեզվով գովազդին չզիջող ծավալով (մակերեսով) հայերեն զուգորդված շարադրանքը պարտադիր է։
Արգելվում է գովազդի նպատակով ֆիզիկական անձի անվան կամ պատկերի օգտագործումն առանց վերջինիս համաձայնության:»։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.06.2011
ՀՕ-161