Armenian   Russian    
Բաժնետիրական ընկերությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 59-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ`

ա) Ընկերության բնականոն գործունեության հետ կապված այն դեպքերի, երբ գործարքը կնքվում է Ընկերության ծախսերի եւ եկամուտների նախահաշվի շրջանակներում.

բ) սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:».

2) 4-րդ մասը «հետգնման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 64-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գործարք կնքելու» բառերով:

Հոդված  2.  Օրենքի 62-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  62. Ընկերության գործարքներում շահագրգռվածությունը

1. Ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում Ընկերության փոխկապակցված անձը, որը`

ա)  հանդիսանում է գործարքի կողմ կամ մասնակցում է գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ.

բ) գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող անձին փոխկապակցված անձ  է:

2. Սույն օրենքի իմաստով փոխկապակցված են համարվում Ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք,   վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), Ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք եւ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխկապակցված ճանաչվող այլ անձինք:»:

Հոդված 3. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63.  Ընկերության գործարքներում շահագրգռվածության վերաբերյալ տեղեկատվությունը

1. Ընկերության փոխկապակցված անձինք պարտավոր են Ընկերության գործադիր մարմնին կամ կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի տրամադրել տեղեկատվություն`

ա) այն մասին, որ իրենք հանդիսանում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ`  մինչեւ գործարքը կնքելը.

բ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ` սույն կետով նախատեսված տեղեկատվությունն իրենց հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Շահագրգռվածության առկայությամբ Ընկերության ցանկացած գործարք ներկայացվում է Ընկերության տարեկան հաշվետվության մեջ` բացահայտելով ամբողջական եւ համապարփակ տեղեկատվություն գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ եւ կցելով անկախ գնահատողի եզրակացությունը շուկայական արժեքին գործարքի համապատասխանության վերաբերյալ:

3. Ընկերության գործադիր մարմինը կամ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմին պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հիման վրա վարել Ընկերության փոխկապակցված անձանց ռեեստր:»:

Հոդված 4.  Օրենքի 64-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «ա» կետում «2 տոկոսը» բառերը փոխարինել «10 տոկոսը» բառերով.

2)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հատկանիշներին համապատասխանող գործարքը կարող է կնքվել խորհրդի որոշմամբ, եթե  այդ գործարքն Ընկերությանը տրամադրվող փոխառություն է:»:

Հոդված 5. Օրենքի 65-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Շահագրգռվածության առկայությամբ գործարքների հետեւանքները».

2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործարքում շահագրգիռ ճանաչված անձն Ընկերության առջեւ պատասխանատվություն է կրում սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքի հետեւանքով Ընկերությանը պատճառված վնասների չափով:

Գործարքում շահագրգիռ ճանաչված անձը պարտավոր է նաեւ Ընկերությանը վերադարձնել ցանկացած շահույթ, որ ստացել է սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքներից:

Սույն օրենքի 63-րդ հոդվածի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում խախտման հետեւանքով Ընկերությանը կամ այլ անձանց պատճառված վնասի համար:

2. Եթե պատասխանատվության ենթակա է մի քանի անձ, ապա նրանք Ընկերության եւ այլ շահագրգիռ անձանց առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն պահանջելու`

- անվավեր ճանաչել սույն օրենքի խախտմամբ կնքված շահագրգռվածության առկայությամբ գործարքը,

- գործարքում շահագրգիռ ճանաչված անձանց կողմից գործարքի հետեւանքով պատճառված վնասի հատուցում,

-  գործարքից ստացված շահույթի վերադարձ Ընկերությանը:

7. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից  շահագրգռվածության առկայությամբ կնքված գործարքի հաստատումը գործարքում խախտում կատարած անձին չի ազատում սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքի հետեւանքով Ընկերությանը կամ բաժնետերերին պատճառված վնասը հատուցելու պարտականությունից:»:

Հոդված 6. Օրենքի 90-րդ հոդվածի 1-ին մասը «կերպով» բառից հետո լրացնել «, խուսափեն անձնական եւ Ընկերության շահերի միջեւ իրական եւ հնարավոր բախումներից» բառերով, ինչպես նաեւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության կամ այլ հանգամանքների ուժով Ընկերության որոշումների վրա էականորեն ազդելու հնարավություն ունեցող անձը չպետք է դրդի խորհրդի անդամներին, Ընկերության տնօրենին (գլխավոր տնօրենին), վարչության ու տնօրինության անդամներին, ինչպես նաեւ կառավարիչ կազմակերպությանը եւ կառավարչին` կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք հակասում են Ընկերության շահերին կամ այն բաժնետերերի օրինական շահերին, որոնք էական ազդեցություն չեն կարող ունենալ Ընկերության որոշումների վրա:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.06.2011
ՀՕ-210