ՕՐԵՆՔԸ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը եւ դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.
1) նույնականացման քարտ ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացի) ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.
2) տվյալների էլեկտրոնային պահոց ` նույնականացման քարտի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:
Հոդված 3. Նույնականացման քարտ ստանալը եւ նույնականացման քարտի վավերականության ժամկետը
1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:
2. Քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է ոստիկանության մարմին:
3. Գործունակ քաղաքացին նույնականացման քարտ ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
4. Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի համաձայնությամբ:
5. Առաջին խմբի հաշմանդամները նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
6. Նույնականացման քարտը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով:
Հոդված 4. Նույնականացման քարտի բովանդակությունը, ձեւը, տրամադրելու (փոխանակելու) կարգը եւ ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը
1. Նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված նույնականացման քարտերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
2. Նույնականացման քարտում հայերենով եւ անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետեւյալ անհատական տվյալները.
1) ազգանունը, անունը, ինչպես նաեւ հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
3. Տվյալների էլեկտրոնային պահոցում միայն հայերենով կարող է նշվել բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն: Նույնականացման քարտում ամրագրվում են նաեւ հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաեւ արյան խումբը եւ ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաեւ նույնականացման քարտի տրամադրման եւ վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:
4. Նույնականացման քարտը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված տվյալները, տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր:
5. Եթե նույնականացման քարտի վրա քաղաքացու ստորագրության բացակայությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին նույնականացման քարտում կատարվում է համապատասխան նշում:
6. Նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) անձնագիր կամ ծննդյան վկայական.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված` ինքնությունը հավաստող այլ փաuտաթղթեր` uույն մասի 2-րդ կետով նշված փաuտաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.
4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
5) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
6) պետական տուրքի վճարման անդորրագիր:
7. Նույնականացման քարտը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա նույնականացման քարտը.
3) բժշկական բնույթի համապատասխան փաստաթուղթ` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ նույնականացման քարտում արյան խմբի եւ ռեզուսի վերաբերյալ տվյալներն առաջին անգամ ամրագրելու դեպքում.
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
8. Նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին լուսանկարվում է ոստիկանության մարմնում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին ոստիկանության մարմնում հանձնում է աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ եւ ձախ ձեռքերի որեւէ մատի մատնադրոշմները:
9. Նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը եւ դրա դիմաց նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
10. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը նույնականացման քարտը Հայաuտանի Հանրապետությունում հանձնում է Հայաuտանի Հանրապետության ոuտիկանություն, իuկ oտարերկրյա պետություններում` Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:
11. Եթե դիմումին կից ներկայացված փաuտաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է եւ դիմումատուին առաջարկվում 5-oրյա ժամկետում համալրել այդ ցանկը եւ (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:
12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:
13. Նույնականացման քարտը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող նույնականացման քարտը: Դրանում ամրագրված տվյալները ոստիկանության մարմնում տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո քարտն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր նույնականացման քարտը տրամադրվում է հին նույնականացման քարտը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին նույնականացման քարտը վերադարձվում է դակելուց հետո:
14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են ծննդյան վկայականը, մինչեւ 16 տարին լրանալը ստացած ,Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիրը, սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 6-րդ մասի 2-5-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասով, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
15. Նույնականացման քարտի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դիմումների ձեւերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
Հոդված 5. Նույնականացման քարտը փոխանակելու հիմքերը
1. Նույնականացման քարտը փոխանակվում է հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեի).
2) լրացել է վավերականության ժամկետը.
3) նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ.
4) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:
Հոդված 6. Նույնականացման քարտն անվավեր ճանաչելու հիմքերը, ժամանակավոր վկայականներ տրամադրելը
1. Նույնականացման քարտը անվավեր է ճանաչվում հետեւյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) նույնականացման քարտը կորել է.
4) նույնականացման քարտը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
5) նույնականացման քարտը կեղծվել է.
6) նույնականացման քարտը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) քաղաքացին նույնականացման քարտը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
8) անձը մահացել է:
2. Նույնականացման քարտը կորցրած քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Այս դեպքում, ինչպես նաեւ վավերականության ժամկետը լրացած նույնականացման քարտը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ մինչեւ նոր նույնականացման քարտի տրամադրումը տրվում է ժամանակավոր վկայական: Ժամանակավոր վկայական կարող է տրվել նաեւ ազատազրկման դատապարտված քաղաքացուն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով, իսկ կարճաժամկետ մեկնում ստացած դատապարտյալին` ընդհանուր հիմունքներով: Ժամանակավոր վկայականի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Եթե օրենքով սահմանված հիմքերով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ազատազրկման դատապարտված քաղաքացուց վերցրել է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը, ապա, դատապարտյալի կողմից քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքով պայմանավորված, պարտավոր է ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրել դատապարտյալին:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:
5. Մահացած քաղաքացու նույնականացման քարտը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:
Հոդված 7. Նույնականացման քարտը վերցնելը
1. Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են նույնականացման քարտը վերցնել, եթե առկա են նույնականացման քարտը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ եւ 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող նույնականացման քարտ: Նույնականացման քարտը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է նույնականացման քարտը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու նույնականացման քարտը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
3. Վերցված նույնականացման քարտը հնարավոր սեղմ ժամկետում փոխանցվում է ոստիկանության մարմին:
4. Արգելվում է նույնականացման քարտը վերցնելը (բացառությամբ uույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, եթե սույն օրենքով սահմանված կարգով չեն դիմել նույնականացման քարտեր ստանալու համար կամ նույնականացման քարտեր չեն ստացել:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման համաձայն ստացված (փոխանակված) անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:
4. Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը անձնագիրը քաղաքացու ցանկությամբ կարող է փոխարինվել նույնականացման քարտով` սույն օրենքով սահմանված կարգով: Նույնականացման քարտը տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
5. Նույնականացման քարտը կամ դրանում ամրագրված տվյալները կարող են օգտագործվել որպես վավերական փաստաթուղթ եւ տվյալներ այնպիսի իրավահարաբերություններում, որոնց կարգավորմանն ուղղված իրավական ակտերով նախատեսվում է անձնագրի կամ անձնագրային տվյալների կամ սոցիալական ապահովության քարտի օգտագործումը:
6. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ եւ 15-րդ մասերով, 6-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.12.2011
ՀՕ-286