Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Արտոնագրային վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.12.2011

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին»  Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «եկամտահարկին» բառից հետո լրացնել «եւ իրավաբանական անձի համար շահութահարկին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը «եկամտահարկի» բառից հետո լրացնել «(շահութահարկի)» բառով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «համարվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`

«1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում են արտոնագրային վճար վճարողներ: Սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտները, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը եւ ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N 8 հավելվածով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7  հավելվածով  սահմանված  գործունեության  տեսակներ  իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով.

 2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով`

«6. Սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով:

7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N 7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ապօրինի գործունեության համար «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տուգանքի չափով:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել N 7 եւ N 8 հավելվածներով (կցվում են) :

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի  N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2011
ՀՕ-314