Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2012

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ մասով.

«Սույն օրենսգրքի 40.3-րդ, 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.13-րդ, 189.14-րդ, 189.15-րդ եւ 189.16-րդ հոդվածներով.

«Հոդված 189.13. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին պետական լիազոր մարմին հաշվետվություն չներկայացնելը կամ դա չհրապարակելը

1. Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած եւ ծախսած միջոցների մասին հաշվետվությունը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում լիազոր մարմին չներկայացնելը կամ դա oրենքով սահմանված կարգով եւ ժամկետում չհրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:

Հոդված 189.14. Օրենքով սահմանված փաստաթղթերը պետական լիազոր մարմնին չտրամադրելը

1. Կուսակցության հրապարակած եւ լիազոր մարմին ներկայացրած հաշվետվության հավաստիությունը ստուգելու համար լիազոր մարմնի պահանջի դեպքում օրենքով սահմանված փաստաթղթերը սահմանված ժամկետում չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում` կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 189.15. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը

1. Կուսակցությանը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի դրամական հատկացումները անկանխիկ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում նվիրատու կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով, նվիրատու քաղաքացիների նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչեւ վեցհարյուրապատիկի չափով:

Հոդված 189.16. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը

1. Կուսակցությունների կողմից օրենքով սահմանված չափից ավելի կամ չթույլատրված նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետներում պետական բյուջե կամ նվիրատուին չփոխանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում կուսակցության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «արդարադատության նախարարության մարմինները,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը,» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 223.1-ին հոդվածի  «եւ 189-րդ» բառերը փոխարինել «, 189-րդ եւ 189.16-րդ» բառերով, իսկ «նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը» բառերը` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետը» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 223.2-րդ հոդվածով.

«Հոդված 223.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է սույն օրենսգրքի 189.13-րդ, 189.14-րդ եւ 189.15-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 302-րդ հոդվածի «188 եւ 182» բառերը փոխարինել «182, 188, 189.13, 189.14, 189.15 եւ 189.16» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.03.2012
ՀՕ-11