Armenian      
Հողի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2012

Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀՕ-101 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել հողի հարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից հողի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Օրենքով կարող են սահմանվել հողի հարկի գծով այլ արտոնություններ:»։

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքով սահմանված հողի հարկի վճարման գծով խախտումներ հայտնաբերվելու դեպքում հողի հարկի գծով հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը կատարելուց հետո անցել է տասը տարի:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.04.2012
ՀՕ-95