Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2012

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի եւ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա:

Հոդված 2. Հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված  կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ Սույն հոդվածում նշված գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ է մտնելու  օրվանից հետո` եռամսյա ժամկետում:

Հոդված 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի եւ հողի համար գույքահարկի եւ հողի հարկի գումարները մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը եւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար  2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից, եթե  սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին (ներառյալ մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված  հողի հարկը  եւ դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը, իսկ փոխադրամիջոցների  համար՝  0,5 մլն  Հայաստանի Հանրապետության դրամը:

Հոդված 4.  Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի եւ գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց, ըստ պարտավորությունների ծավալների (ներառյալ տույժերը), հետեւյալ ժամկետներով՝

1) մինչեւ երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով.

2) երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝  6 ամիս ժամկետով.

3) հինգ հարյուր հազարից մինչեւ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն  հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի (առանց տույժերի) համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված  եռամսյակի ավարտից մեկ ամսից ավելի ուշացնելու կամ  չկատարելու դեպքում գույքահարկի եւ հողի հարկի չվճարված գումարները եւ դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 5. Գույքահարկ եւ հողի հարկ վճարող այն ֆիզիկական անձինք, որոնք մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների  համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի եւ հողի համար գույքահարկի եւ հողի հարկի վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված եւ չվճարված տույժեր, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց:

Հոդված 6. Գույքահարկ եւ հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գույքահարկի եւ հողի հարկի  համար հաշվարկված եւ մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարված տույժերի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողների գույքահարկի եւ հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետեւանքով համայնքների չստացած գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.04.2012
ՀՕ-93