Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2012

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 47.7-րդ հոդվածով.

«Հոդված 47.7. Հատուկ նշանակության սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդին ներկայացվող պահանջները խախտելը

Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ յուրաքանչյուր սննդատեսակի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ալկոհոլային խմիչքների գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ծխախոտի գովազդը «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով, 15-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ մասերի պահանջների խախտմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում գովազդատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածը «45-47.4» թվերից հետո լրացնել «եւ 47.7» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.09.2012
ՀՕ-182