Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.11.2012

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 905-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչեւ ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչեւ բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, եւ տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 2 . Օրենսգրքի 968.9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Ֆոնդի կառավարչի կողմից սույն մասով նախատեսված հատուցումն իրականացվում է ֆոնդի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդի) համապատասխան մասնակիցներին ֆոնդի կառավարչի հաշվին ֆոնդի համապատասխան քանակի փայեր տեղաբաշխելու միջոցով, բացառությամբ հատուցման վճարման պահին տվյալ ֆոնդի մասնակից չհանդիսացող անձանց պատճառած վնասի, որի հատուցումն իրականացվում է համապատասխան գումար վճարելու միջոցով: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի «ֆոնդի ակտիվների կազմում ներառման ենթակա» բառերը փոխարինել «կարգով» բառով:

Հոդված 3 . Օրենսգրքի 1014-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.12.2012
ՀՕ-216