ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 162. Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը
Ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:
Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական արտադրանքի ոչ սահմանված տեղերում առեւտուր անելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով:
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից քսանապատիկի չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«Սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչեւ հարյուրտասնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.12.2012
ՀՕ-223