Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.04.2013

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «հիմնավորող փաստաթղթերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքը վճարվում է լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ կետում՝

1) 9.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 9.2-րդ եւ 9.5-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) հանել «Սույն կետի 9.2.-9.5.-րդ ենթակետերով սահմանված գործունեության տեսակներից յուրաքանչյուրը 9.1.-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի հետ միաժամանակ իրականացվելու դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները հայտատուին պատշաճ ձեւով ուղարկելը կամ հանձնելը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.05.2013
ՀՕ-49