Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ֆինանսական համահարթեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.2013

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը «հետեւյալ գործոնները» բառերից առաջ  լրացնել «` սույն օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթը եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասում նշված համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը չպետք է պակաս լինի հաշվարկվող տարվան (սույն հոդվածի իմաստով հաշվարկվող տարին այն տարին է, որի համար հաշվարկվում են դոտացիաները) նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի, հողի հարկի եւ գույքահարկի փաստացի մուտքերի հանրագումարի քսանհինգ տոկոսից, իսկ «բ» գործոնով նախատեսվող դոտացիայի ընդհանուր գումարը` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում եկամտահարկի փաստացի մուտքերի ընդհանուր գումարի տասը տոկոսից:

2. Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի հիման վրա ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:

3. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների բյուջեներին նախատեսվող դոտացիաները հաշվարկվում են հավասարաչափ:

Յուրաքանչյուր բյուջետային տարում ըստ «ա» եւ «բ» գործոնների բաշխվող եւ սույն հոդվածի 7-րդ մասին համապատասխան համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարների չափերը, ինչպես նաեւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեին հատկացվող դոտացիայի գումարի չափը սահմանվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով:

4. Յուրաքանչյուր բյուջետային տարում «ա» գործոնով ըստ առանձին համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվում յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող, համայնքների ղեկավարների կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքների բյուջեներ վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան հաշվարկային գումարները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի իմաստով հողի հարկի եւ գույքահարկի տարեկան հաշվարկային գումարները`

1) չեն ներառում հողի հարկի եւ գույքահարկի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ այդ հարկերի գծով հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարները.

2) ներառում են համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին գույքահարկի եւ հողի հարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա` հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամուտների կորուստների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության կողմից փոխհատուցման ենթակա գումարները:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. 300-ից ավելի բնակիչ ունեցող, սակայն «ա» եւ «բ» գործոններով դոտացիայի հաշվարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին տվյալ տարվա օրենքով 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքի համար սահմանված դոտացիայի գումարից տվյալ տարում պակաս չափով (հաշվի առած նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի               4.3-րդ եւ 4.5-րդ մասերով սահմանված դեպքում եւ կարգով տվյալ տարվան հաջորդող տարում կատարված տվյալ տարվա դոտացիայի վերահաշվարկի արդյունքները) դոտացիա ստացող յուրաքանչյուր համայնք տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին ստանում է լրացուցիչ դոտացիա` 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին տվյալ տարվա օրենքով սահմանված գումարի եւ լրացուցիչ դոտացիա ստացող համայնքին տվյալ տարում «ա» եւ «բ» գործոններով հաշվարկված դոտացիայի գումարի տարբերության չափով:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքների» բառերը փոխարինել «պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համապատասխան գանձապետական ստորաբաժանումների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, եւ նրա գործողությունը տարածվում է 2014 թվականի եւ դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.07.2013
ՀՕ-71