ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին հոդվածով.
«Հոդված 10.1. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
Սույն օրենքի իմաստով համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։ Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։ Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձեւերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաեւ ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ:»:
Հոդված 3 . Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ նաեւ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը` տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում, երկու տոկոսը` հազարից մինչեւ տասը հազար բնակիչ ունեցող համայնքներում, եւ չորս տոկոսը` մինչեւ հազար բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կարող է կրկին ներկայացվել եւ սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաեւ առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-րդ եւ 34-րդ կետերով.
«33) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
34) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.»:
Հոդված 6 . Օրենքի 20-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ կետերով.
«3.1) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3.2) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.»:
Հոդված 7 . Օրենքի 21-րդ հոդվածի առաջին պարբերության 7-րդ կետը «քվեարկությունների» բառից հետո լրացնել «կամ մշտական հանձնաժողովի նիստերի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) վերնագիրը «հատուցումը» բառից հետո լրացնել «եւ գործունեության երաշխիքները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաեւ հանրային հանդիպումներ եւ քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:»:
Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ավագանու ընդունած՝ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին որոշմամբ.»:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-ին եւ 10.2-րդ կետերով.
«10.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
10.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ.»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1. Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում
Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.
1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը` այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որեւէ ձեւ կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության եւ հեռահաղորդակցության).
2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման եւ մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի եւ հարմար վայրերում, ինչպես նաեւ ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների եւ սակավաշարժուն խմբերի համար.
3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարեւորագույն նախաձեռնությունների եւ նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի եւ տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը եւ ներկայացումը նախաձեռնությունների եւ նախագծերի հեղինակներին.
4) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում եւ (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման եւ վերապատրաստման ծրագրերում:»:
Հոդված 12 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 54.1-ին հոդվածով.
«Հոդված 54.1. Համայնքի զարգացման ծրագրի եւ բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը
Համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ (կամ) տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) եւ վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ ձեւավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի եւ համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաեւ համայնքի ավագանու մեկից մինչեւ երեք անդամների, բնակիչների, փորձագետների եւ այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):
Համայնքի ղեկավարը մինչեւ համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ (կամ) տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ եւ (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:
Խորհրդակցական մարմնի գործունեության կարգը, հանրային բաց լսումների կազմակերպման, անցկացման եւ դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:»:
Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Համայնքի ղեկավարը մինչեւ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ եւ (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:»:
Հոդված 14. Սույն օրենքի կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների ծախսերի ավելացումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.07.2013
ՀՕ-72