Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեակատարողական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.2013

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին բաժնով. 


«ԲԱԺԻՆ 4.1 ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ԳԼՈՒԽ 22.1

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հոդված 132.1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ  անցկացնելու մասին որոշումը

1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին ակտի ձեւով որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:

2. Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի եւ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:

3. Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Հոդված 132.2. Քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը

1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչեւ նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլելտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:

2. Դիմումը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաեւ ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով:

3. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով, կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.07.2013
ՀՕ-78